ՋԱՀ-ի աջակցությունը Ախալցխայի բազմազավակ և 3 երեխա ունեցած ընտանիքներին

Հուլիսի 23-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում հավաքվել էին Ախալցխայի շրջանի 4 բազմազավակ երեխաների եւ այս տարի 3-րդ երեխան ունեցած ծնողները: Ախալցխայի հեգեւոր տեսուչ Հայր Հակոբ Սահակյանի եւ Նինոծմինդայի հոգեւոր հովիվ Տեր Արմաշ քահանայի ներկայությամբ «Ջավախքի աջակցություն» Հիմնադրամի Ախալցխայի պատասխանատու Էդուարդ Այվազյանը հիմնադրամի անունից հատկացված գումարը փոխանցեց հավաքված ծնողներին: Էդուարդ Այվազյանը հավաքվածներին մեկ անգամ եւս ներկայացրեց ծրագրի նպատակը և շնորհավորեց պարգևավճարը ստանալու կապակցությամբ: ՋԱՀ-ի կողմից պարգևավճար ստացած ընտանիքներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին նորաստեղծ հիմնադրամին, ծրագրի հովանավորներին եւ բոլոր կազմակերպիչներին: Նրանցից մեկի խոսքերով՝ սա առաջին դեպքն է, երբ հետաքրքրվում են իրենց բազմազավակ ընտանիքի ճակատագրով և տալիս են նման օժանդակություն: Նինոծմինդայի քահանա Տեր Արմաշի խոսքերով՝ հիմնադրամը հիմնել են ծնունդով Ջավախքցի գործարարները բարերար Սոս Սահակյանի նախաձեռնությամբ: Տվյալ ծրագրով ՋԱՀ-ը օգնում է այն ընտանիքներին, ովքեր այս տարի ունեցել են երրորդ կամ ավելի երեխան, կամ ունեն վեց եւ ավելի երեխա: Հոգեւորականի խոսքերով՝ հիմնադրամը իրականացնում է նաեւ բազմաթիվ այլ մշակութային ծրագրեր:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի մեկնարկը Հայրենի Ջավախքում

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը 2014 թ. սկզբին հաստատել և իրականացնում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որի առաջին բաղադրիչով Ջավախքի (Սամցխե-Ջավախք  և Քվեմո Քարթլի նահանգների) ընտանիքներում ծնված յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխային հատկացվում է պարգևավճար: Ծրագրի երկրորդ բաղադրիչից օգտվում են նաև Ջավախքի այն ընտանիքները, որոնց հարկի տակ 2014 թ. հունվարի մեկի դրությամբ ապրում են 6 և ավելի երեխաներ:

Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի ապրիլյան օրերին, երբ Ջավախքում ևս տեղի էին ունենում հիշատակի և ոգեկոչման արարողություններ, որպես հառնումի և վերընձյուղման խորհրդանիշ, տեղի ունեցավ ՋԱՀ-ի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի մեկնարկը: Այս և Ջավախքում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարերի բացման արարողություններին մասնակցելու նպատակով 2014 թ. ապրիլի 21-23-ը Հայրենի Ջավախքում էին ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամներ Սոս Սահակյանը, Սերգեյ Վանցյանը, Արմեն Ղարսլյանը, Քաջավան Նուրիջանյանը, Արման Սահակյանը, Գարեգին Խումարյանը (հոգաբարձուների խորհրդի անդամ Կորյուն Խումարյանի որդին), ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, անվանի մտավորականներ, հյուրեր ՌԴ-ից, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Հ. Հովհաննիսյանը և այլք:

Առաջին կանգառը Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղն էր, որտեղ տոնական ըմբշամարտի մրցույթի ժամանակ տեղի ունեցավ ՋԱՀ-ի նվիրատվության արարողությունը Բաբաջանյանների ընտանիքին: Բաբաջանյանների ընտանիքում այս տարի ծնվել էր երրորդ երեխան՝ Անին, ինչի համար երեխայի հայրը ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Սոս Սահակյանից ստացավ 1000 լարի գումար:

Բարերար Սոս Սահակյանը իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Ծղալթբիլայի գործարարները, ովքեր ուշադիր հետեւում են գյուղի անցուդարձին, այս նախաձեռնությամբ ավելի են ոգեւորվելու: Նա նաեւ նշեց, որ առաջին անգամ իրականացվող տվյալ ծրագրի խորհրդանշական մեկնարկը տրվում է Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից:

Երեխայի հայրը նման հրաշալի նվերի համար իր խորին շնորհակալությունը հայտնեց ՋԱՀ-ի բոլոր բարերարներին:

Ծրագրի իրականացման հաջորդ կանգառը Սամցխե-Ջավախքի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղն էր, որտեղ տեղի ունեցող հուշաքարի բացման արարողության ժամանակ իրականացվեց նաև ՋԱՀ-ի նվիրատվության արարողությունը: Հարկ է նշել, որ այս գյուղում եղան օգտվողներ ծրագրի թե՛ առաջին, թե՛ երկրորդ բաղադրիչներից. թե՛ Սամվել Քերոբյանի ընտանիքը, որտեղ ծնված նորածինը` Մուրադը, թվով երրորդ երեխան էր և թե՛ Արմենակ Թորոյանի ընտանիքը, որտեղ լույս աշխարհ էին եկել և միևնույն հարկի տակ ապրում էին 6 երեխաներ, ՋԱՀ-ի գործադիր տնօրինության աշխատակիցներից ստացան ծրագրով իրենց հատկացված պարգևավճարը: “Ջավախքի Զեյթունը”` պատմական Դամալան, այդ օրը խաչքար-հուշարձանի տեսքով հավերժացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իր մեջ գիտակցեց նաև վերստին աճելու, կազմավորվելու, հայրենի անկյունում հայաշունչ ծուխը մշտավառ պահելու կարևորությունը:

Նույն օրը` ապրիլի 22-ին, մարդաշատ էր նաև վերջերս հիմնված Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային երիտասարդական կենտրոնի դահլիճը. Նինոծմինդայի շրջանի ղեկավարության, մշակութային կենտրոնի պատասխանատուների, լրատվամիջոցների ներկայությամբ և Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության ու “Սուրբ Սարգիս” եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի օրհնությամբ տեղի ունեցավ 2014 թ. առաջին եռամսյակին երրորդ երեխա լույս աշխարհ բերած 4 ընտանիքների նվիրատվության արարողությունը: Ընտանիքներից 2-ը Հեշտիա գյուղից էին, մեկը` Գանձայից, մյուսը` Օրոջալար գյուղից: Իրենց խոսքում և՛ ծնողները, և՛ կենտրոնի ղեկավար Գ. Սնխչյանը, և՛ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Հ. Հովհաննիսյանը (ով, ի դեպ, ծնունդով նույն Գանձա գյուղից է) մեծապես կարևորեցին նշյալ ծրագրի իրականացումը:

Ջավախքի Նինոծմինդա քաղաքը հյուրառատ էր նաև միջոցառման հաջորդ օրը` ապրիլի 23-ին: Նույն օրը քաղաքի մշակույթի տան բակում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որը տեղադրվել է ջավախահայ հայտնի բարերար, “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, ռուսաստանաբնակ Արմեն Ղարսլյանի կողմից:

Ջավախք այցի վերջին օրը ՋԱՀ-ը նվիրատվություններ իրականացրեց ևս երկու շրջաններում` Ախալքալաքում և Ծալկայում: Ախալքալաքում ևս, ինչպես Դամալայում, ծրագրի երկրորդ բաղադրիչով պարգևավճար ստացավ Բեժանո գյուղի բնակիչ, իրապես հերոս հայր Աշոտ Խուդավերդյանը, որի ընտանիքում, միևնույն տանիքի տակ ապրում են 9 երեխաներ: Մեծ էր բոլորի խանդավառությունը, երբ իր շնորհակալական խոսքի մեջ Ա. Խուդավերդյանը խոստացավ ունենալ ևս մի քանի երեխա: Ծրագրի առաջին բաղադրիչով (3-րդ և ավելի երեխա) նույն շրջանում պարգևավճար ստացան ևս 9 ընտանիք: Հավելենք, որ շահառու ընտանիքներից մեկը հայ-վրացական էր. Ախալքալաքի շրջանի Մուրճախեթ գյուղի բնակիչ Վասիլի Ճիլաձեի և Օլգա Մանուկյանի կազմած ընտանիքը ևս շահառուների ցուցակում էր: Նվիրատվության արարողությանը ներկա էր Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մարուքյանը, Ախալքալաքի շրջանի ղեկավարությունը` Հ. Մովսիսյանի և Է. Աղասարյանի գլխավորությամբ, շրջանային վաչության այլ ոլորտների աշխատակիցներ,  հյուրեր  ՀՀ-ից և այլք:

ՋԱՀ-ի ներկայացուցիչների հաջորդ և վերջին կանգառը Ծալկայի շրջանն էր, որի Նարդևան և Ղուշչի գյուղերում 2014 թ. առաջին եռամսյակում երրորդ երեխա ծնած 2` Գուրգենյանների և Միքայելյանների ընտանիքներում ևս հնչեցին օրհնանքի խոսքեր` ուղղված ՋԱՀ-ի բարերարներին: Նվիրատվության արարողություններին իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որի օրհնությամբ և ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանի ներկայությամբ ընտանիքներն նշյալ ընտանիքներն ստացան իրենց հատկացվող օժանդակությունը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչություն

Աջակցություն Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բազմազավակ ընտանիքին

 Ապրիլին 21-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում տոնական ըմբշամարտի մրցույթի ժամանակ տեղի ունեցավ նորաստեղծ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նվիրատվության արարողությունը Բաբաջանյանների ընտանիքին: Բաբաջանյանների ընտանիքում այս տարի ծնվել էր երրորդ երեխան՝ աղջիկ՝ Անի անունով, ինչի համար երեխայի հայրը «ՋԱՀ»-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սոս Սահակյանից ստացավ 1000 լարի գումար:

Բարերար Սոս Սահակյանը իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Ծղալթբիլայի գործարարները, ովքեր ուշադիր հետեւում են գյուղի անցուդարձին, այս նախաձեռնությամբ ավելի են ոգեւորվելու: Նա նաեւ նշեց, որ տվյալ ծրագիրը առաջին անգամ է իրականացվում, եւ այն սկսվում է Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից:

Երեխայի հայրը իր խորին շնորհակալությունը հայտնեց բարերար Սոս Սահակյանին եւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին նման հրաշալի նվերի համար:

31512984 81754587 Տեսանյութը կարող եք դիտել  այստեղ։

Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին

        «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ:

  • 1-ին բաղադրիչով, սկսած 2014 թ. հունվարի 1-ից, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներում ծնվող յուրքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին տրամադրվում է պարգևավճար։  
  • 2-րդ բաղադրիչով  Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներին, որոնք 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն 6 և ավելի երեխաներ, տրամադրվում է պարգևավճար:

       Նշյալ չափորոշիչներին համապատասխանող ընտանիքները կարող են Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.

  1. ծնողների անձնագրերի պատճենները,
  2. ծնողների ամուսնության վկայականի պատճենը,
  3.  երեխայի ծննդյան վկայականի պատճենը (2-րդ բաղադրիչի դեպքում անհրաժեշտ չէ),
  4. նախորդ երեխաների (2-րդ բաղադրիչի դեպքում՝ բոլոր երեխաների) ծննդյան վկայականների պատճենները, 
  5. երեխայի ծնողներից որևէ մեկի անունով որևէ բանկում բացված հաշվի ռեկվիզիտները։

Ջավախահայ նկարիչների «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով աշխատանքների ցուցահանդես Երևանի Պատմության թանգարանում

Ապրիլի 18-ին Երևանի Պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ ջավախահայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին մշակույթի գործիչներ, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ջավախահայերին հերթական մշակութային գեղեցիկ ձեռնարկի կազմակերպման առիթով և հավելեց. «Մոտենում է 100-րդ տարին, բայց ժողովրդի պայքարը չի դադարում: Աշխարհի հայությունը՝ Հայրենիքի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի հայերը ձեռք ձեռքի տված պայքարում են Ցեղասպանության ճանաչման, հայ դատի, արդարության վերականգնման համար: Այդ պայքարի ձևերից մեկն էլ մշակույթն է, որի միջոցով մեր դատը ներկայացնում ենք աշխարհին: Մշակույթն այն ուժն է, որ կարողանում է սոսնձել, իրար միացնել անցյալը, ներկան և ապագան»: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Վրաստանի վաստակավոր նկարիչ Կառլեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին (ՋԱՀ) ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար. «Այսօրվա ցուցադրությունը մեզ համար մեծ ուրախություն և հաջողություն է, շնորհակալություն բոլոր աջակցողներին: Մեկ անգամ ևս հավաստվեց, որ Ջավախքի ժողովուրդը նաև մեծ արվեստ ունի: Մենք ցուցադրվել ենք ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլև ԱՄՆ-ում և Կանադայում: Դիտելով մեր աշխատանքները՝ դուք կզգաք մեր ուրախությունը և ցավը»: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայ մշակույթի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Կառլեն Կարապետյանին պարգևատրեց «Արշիլ Գորկի» մեդալով: Ելույթ ունեցան նաև բարերար, գործարար, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համահիմնադիր Սոս Սահակյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հրաչ Այվազյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ջավախահայերի հայրենակցական միության նախագահ  Շիրակ Թորոսյանը, «Վիրահայերի միասնություն»  ՀԿ-ի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Երևանի N 131 դպրոցի տնօրեն, «Սայաթ Նովա» աշուղական անսամբլի մեներգիչ Գրիգոր Սաֆարյանը կատարեց Ջիվանու «Առավոտյան քաղցր հովին» ստեղծագործությունը: «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել  քանդակագործներ Սերգո Սահակյանը՝ «Պատրանք», «Աշուն», «Մարդ էլ կա, մարդ էլ», «Փրկություն», «Աշխարհայացք», Ռաֆիկ Սարգսյանը «Պարույր Սևակ»,  Նարեկացի, Բաղդասար Սարգսյանը՝ «Ծովինար», «Հայելու առջև» ստեղծագործություններով: Ցուցահանդեսում առանձնահատուկ ուշադրության արժանացան Կառլեն Կարապետյանի՝ Ցեղասպանությանը նվիրված շարքը՝ «Եղեռն – եռապատկերը», և «Մոր դիմանկարը», «Հայացքը», «Արևի աղջիկը» կտավները: Ուշագրավ էին նաև Համլետ Արոյանի, Մնացական Դալլաքյանի, Հայկազուն Ղարագուլյանի՝ Ջավախքի թեմաներով բնապատկերները, դիմանկարներն ու նատյուրմորտները: Ցուցահանդեսը շարունակվեց ապրիլի 18-23-ը: Ծրագրի արդյունքում ջավախահայ շուրջ 5 նկարիչ-ստեղծագործողներ հնարավորություն ստացան ՀՀ-ում ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ երևանաբնակ հանդիսատեսը ծանոթացավ ջավախահայոց մշակույթի հետ:

Կցված նկարներ՝

 Cucahandes (1) Cucahandes (5) Cucahandes (7) Cucahandes (6)

Cucahandes (4) Cucahandes (8) IMG_8630 Cucahandes (3)