ՋԱՀ-ի բարերարի հերթական բարեգործությունը

Newmag Winter Fest-ի շրջանակներում հրատարակչությունը ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը» ու «Դրսեկը» գրքերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանություններ էլ իրականություն են դարձել Երևանի շոկոլադի գործարանի հովանավորչությամբ՝ @mark_sevouni_official-ը: Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի(ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը գրքերի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունները ֆինանսավորել, նշեց, որ արդեն տևական ժամանակ հետևելով Նարինե Աբգարյանի գործունեությանն ու գրական ուղուն, դիտելով նրա հարցազրույցները շատ նմանություններ է գտել. «Իմ և Նարինե Աբգարյանի մեջ լուրջ ընդհանրություններ եմ գտել։ Նարինե Աբգարյանը արտագաղթելով ու օտար երկրում կայանալով որպես գրող շարունակում է սիրել Հայաստանն ու Տավուշը, իր գրականության նյութն էլ է հայն ու հայաստանը՝ իր մարդկանցով, կենցաղով ու առօրյաով։ Իսկ ես որպես գործարար կայանալով Հայաստանում շարունակում եմ սիրել ու կարոտել հայրենի Ջավախքը։ Ես էլ կարոտս լրացնում եմ հայրենի ջավախքում ամենատարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելով»։

Տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի սանկտպետերբուրգյան հաշվետու առաջին հավաքը

Ս/թ դեկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի շենքում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հաշվետու առաջին հավաքը, որի նպատակն էր 2014 թվականի նոյեմբերին կազմակերպված բարեգործական երեկոյի նվիրատուներին տրամադրել անհատական ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև ներկայացնել Հիմնադրամի ծրագրերը:

Միջոցառմանը ցուցադրվեց ՋԱՀ-ի 2014 թվականի գործունեության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմ: ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը ներկայացրեց Հիմնադրամի կողմից իրականացված, ընթացիկ և առաջիկա ծրագրերը` հատկապես կարևորելով «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» և «Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման» ծրագրերը:

Հավաքի վերջում նախորդ տարվա նվիրատուներից շատերը այս տարի ևս դրամական միջոցներ ուղղեցին վերոնշյալ 2 ծրագրերի իրականացմանը: Ծրագրերին միացան նաև նոր նվիրատուներ: Հատկանշական է, որ նվիրատուների շարքում ոչ միայն արմատներով կամ ծնունդով ջավախահայեր են, այլև Հայաստանի տարբեր մարզերի մեր հայրենակիցներ:

10583959_446008275591000_3553769806961426343_n 12347837_446008278924333_9206098451388345761_n 12360122_446008388924322_6069688500765706032_n 12360182_446008395590988_3684225039496497915_n

Տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հաշվետու առաջին հավաքը

Ս/թ նոյեմբերի 14-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հաշվետու առաջին հավաքը, որի նպատակն էր 2014 թվականի աշնանը կազմակերպված բարեգործական-համերգ երեկոյի նվիրատուներին տրամադրել անհատական ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև ներկայացնել Հիմնադրամի կողմից իրականացված, ընթացիկ և առաջիկա ծրագրերը: Հավաքին ներկա էին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, հիմնադիրներ, բարերարներ, համակիրներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և բարձրաստիճան հոգևորականներ: Միջոցառման սկիզբն ազդարարվեց ՋԱՀ-ի համահիմնադիր, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի խոսքով, ով որակեց ՋԱՀ-ը որպես նպատակասլաց, ապաքաղաքական կառույց, որը մեկ գաղափարի շուրջ շարունակում է համախմբել Ջավախքի խնդիրների նկատմամբ սրտացավ մարդկանց։ Նա ընդգծեց, որ ՋԱՀ-ը Ջավախքի համար պետք է ստանձնի այն դերը, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար: Հավաքին ողջունի խոսքով հանդես եկավ նաև բարերար, ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն, ով ներկայացրեց վերջին շրջանում ՋԱՀ-ի` ԱՄՆ, ՌԴ կատարած այցերի, շնորհանդեսների արդյունքները, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Ս. Սահակյանի համոզմամբ ՋԱՀ-ը շուրջ երկամյա գործունեության ընթացքում արդեն իսկ գրանցել է լուրջ հաջողություններ և հստակ քայլերով շարժվում է առաջ: Միջոցառմանը ցուցադրվեց նաև ՋԱՀ-ի 2014 թվականի գործունեության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմ: Այնուհետ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը ներկայացրեց Հիմնադրամի կողմից իրականացված, ընթացիկ և առաջիկա ծրագրերը: Ա. Հակոբյանն իր խոսքում ընդգծեց ազնիվ և թափանցիկ աշխատելու կարևորությունը, նվիրտուներին անհատապես հաշվետու լինելու հանգամանքը: Միջոցառմանը ՋԱՀ-ի հետ համատեղ ծրագրերը ներկայացրեցին նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հ. Եորդեկյանը խոսեց ՀԲԸՄ-ի և ՋԱՀ-ի միջև ձևավորված բարեկամական, գործակցային մթնոլորտի մասին, ընդգծեց Ջավախքի հիմնախնդիրների կենսականությունը: Ցուցադրվեց նաև ՀԲԸՄ-ի մասին պատմող ֆիլմ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մ. Լ. Փափազեանը ներկայացրեց Կենտրոնի առաքելությունը և Ջավախքում «Թումո» կենտրոնի ստեծման ՋԱՀ-ի հետ համատեղ կարևոր նախաձեռնությունը: Ներկայացվեց նաև ՋԱՀ-ի և Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի` Ջավախքում տնտեսական զարգացման համատեղ ծրագրի նախագիծը, որի գյուղական տուրիզմի զարգացման բաղկացուցչի մասին խոսեց «Գարդման տուր» զբոսաշրջության ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանը: Ընդառաջ գնալով 2014 թվականի աշնանը կազմակերպված բարեգործական-համերգ երեկոյի նվիրատուների ցանկությանը` հավաքի ավարտին նվիրատուներին հնարավորություն ընձեռվեց ՋԱՀ-ին փոխանցել այս տարվա իրենց նվիրատվությունները:

1 2 3 4

5 6 7 8

Տեղի ունեցավ ՋԱՀ-ի շնորհանդեսը Կրասնոդարի երկրամասում

Օրերս Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում տեղի ունեցավ “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Կրասնոդարի երկրամասի գրեթե բոլոր քաղաքների ծնունդով Ջավախքից գործարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևանից Կրասնոդար էին մեկնել նաև ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամ Սերգեյ Վանցյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը և գործադիր վարչության այլ ներկայացուցիչներ: Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել Ջավախքում առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները և ՋԱՀ-ի իրականացրած, ընթացիկ և առաջիկա ծրագրերը: ՋԱՀ-ի բարերար, Խորհրդի նախագահ Ս. Սահակյանն իր ելույթում ներկայացրեց ջավախահայությանը հուզող հարցերը, ընդգծեց ջավախքցու համար սեփական հողում արարելու և ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը և դրան ուղղված ՋԱՀ-ի գործունեությունը հասարակական կյանքի կրթամշակութային, գիտական, սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում: ՋԱՀ-ի գործունեության վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով` Ա. Հակոբյանը ներկայացրեց ՋԱՀ-ի ստեղծման շարժառիթները, շուրջ երկամյա բովանդակալից ճանապարհը, ընթացիկ ծրագրերի մամրամասներ, Հիմնադրամի որդեգրած առաքելությունն ու հայ-վրացական համագործակցությանն ուղղված քայլերը: Քննարկման մասնակիցները հանդես եկան ջավախահայությանն օժանդակելու վերաբերյալ մի շարք առաջարկներով՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել ՋԱՀ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Այցելության շրջանակներում ՋԱՀ-ի պատվիրակությունն ընդունելության արժանացավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդարանում, որտեղ տեցի ունեցավ հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մովսես Եպիսկոպոս Մովսեսյանի և հոգևորական բարձր դասի այլ ներկայացուցիչների հետ:

1 2 3 5

6 4

Տեղի ունեցավ ՋԱՀ-ի շնորհանդեսը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հերթական նիստը` նախագահ Մարտին Սարգսյանի նախագահությամբ: Պալատի մասնակից անդամների թվում էին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և խորհրդի անդամ Կարեն Գոմցյանը: ՋԱՀ-ի գործադիր վարչության ներկայացուցիչները ևս պատիվ ունեին ներկա գտնվելու նախագահության նիստին և ներկայացնելու Հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նիստի օրակարգային հարցերը քննարկելիս` ՀՀ ԱԱՊ առևտրի և սպառողական շուկայի զարգացման հանձնաժողովի նախագահ, հայ-վրացական համագործակցության հարցերով պատասխանատու Ս. Սահակյանը ներկայացրեց տնտեսական ոլորտում հայ-վրացական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու արդյունքները և այդ գործում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի դերը: Իր խոսքում Ս. Սահակյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ՋԱՀ-ի նախաձեռնած Ջավախքում իրականացվող տնտեսական-ներդրումային ծրագրերին, որոնք մասնակիցների կողմից ընդունվեցին մեծ գնահատանքով և համագործակցության ու աջակցության առաջարկներով: ՋԱՀ-ի գործունեության վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով` ՋԱՀ-ի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց ներկայացնել իրենց ծրագրերը, մասնավորապես Ջավախքի Կարծախ գյուղում մեծանուն աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագիրը: Քննարկումներն ուղեկցվեցին ծրագրի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ, որից հետո, կարևորելով աշուղին արժանավայել մշակութային հաստատություն հիմնելու անհրաժեշտությունը, ՀՀ ԱԱՊ անդամ բազմաթիվ գործարարներ պատրաստակամություն հայտնեցին իրենց մասնակցությունն ունենալ տուն-թանգարանի ստեղծմանը: Այսպիսով, հանդիպումն արդյունավետ համագործակցության լուրջ հիմքեր դրեց ինչպես ՀՀ ԱԱՊ-ի, այնպես էլ առանձին գործարարների և ՋԱՀ-ի միջև:

A_2074 A_2075

ՋԱՀ–ի գրասենյակի բացման արարողությունն Ախալքալաքում

«Ջիվանիական օրեր» տոնակատարությունների խորհրդանշական օրը Ջավախքի Ախալքալաք քաղաքում պաշտոնապես իր դռները բացեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության գրասենյակը: Հիշեցնենք, որ Հիմնադրամի ներկայացուցիչների մեկամյա աշխատանքների, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների հետ պարբերական և փոխադարձ շահագրգիռ շփումների արդյունքում 2015 թ. մարտի 26-ին ՋԱՀ-ը պաշտոնապես գրանցեց իր ներկայացուցչությունը Վրաստանում (ք. Ախալքալաք):

Գրասենյակի հիմնումով ՋԱՀ-ի գործունեությունը Ջավախքի տարբեր շրջաններում դառնալու է առավել ինտենսիվ ու ծավալային առումով առավել մասշտաբային: Գրասենյակը ոչ միայն կոորդինացնելու է ՋԱՀ-ի՝ Երևանում նախագծվող ծրագրերը, այլ նաև ներկայացուցչությունն ունենալու է իր սեփական ծրագրերը: Դրանցից առաջնայինը ՋԱՀ-ի ներկայացուցիչները համարում են ներկայացուցչության շրջանակներում իրավական աջակցության կենտրոնի հիմնումը, որտեղ ամենատարբեր հարցերի հետ կապված ջավախահայությանը կմատուցվի անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Գրասենյակի բացմանը ներկա էին Ջավախքի բոլոր շրջանների ղեկավարները, բարձրաստիճան հյուրեր՝ ՀՀ-ից ու Թիֆլիսից, բազմաթիվ գործարարներ Ռուսաստանի Դաշնությունից: Գրասենյակի բացումը տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանի օրհնությամբ: Բացմանն հանդսույթի շրջանակներում ընթերցվեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յու. Վարդանյանի, ՋԱՀ–ի լոսանջելեսյան ներկայացուցիչ Գագիկ Պետրոսյանի, Արմավիրի հայ համայնքի ղեկավար Գրիգոր Կարապետյանի, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի և այլոց ուղերձները:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և հայ գործարար դաշտի մի շարք ներկայացուցիչներ հանդես եկան առաջարկով, որով, ողջունելով ՋԱՀ-ի ախալքալաքյան գրասենյակի հիմնումը, իրենց պատրաստակամությունն էին հայտնում համախմբվելու ՋԱՀ-ի նախաձեռնած տնտեսական-ներդրումային ծրագրերին և առաջարկում էին այդ առթիվ հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ ՋԱՀ-ի առաքելությունն է նպաստել Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը և ավելացրեց, որ ներկայացուցչության բացումը գործնական քայլ է հենց այս ոլորտներում կարճ ժամանակահատվածում շոշափելի առաջընթացի համար։

1 (1) 1 (2) 1 (3) 1 (4)

1 (5) 1 (6) 1 (7) 1 (8)

Աշխարհասփյուռ հայության հետ ՋԱՀ-ի պատվիրակության հերթական հանդիպման վայրը այս անգամ Լոս Անջելեսն էր

 Նպատակ ունենալով ամերիկայահայությանը ներկայացնել Ջավախքում առկա բազմաոլորտ հիմնախնդիրները և հանրության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ հունիսի 6-ին Լոս Անջելես քաղաքի Պոլսահայերի միության շենքում տեղի ունեցավ «Ջավախքում հայապահպանությունը և արդի մարտահրավերները» թեմայով քննարկում ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բարերար Սոս Սահակյանի հետ։ Օրը նշանավորվեց նաև ՋԱՀ-ի լոսանջելեսյան շնորհանդեսով։ Միջոցառման մասնակիցների շարքում էին գործարարներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ,  մշակութային գործիչներ և մտավորականներ, բժիշկներ, կազմակերպությունների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և այլք, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում արմատներով ջավախահայերը: Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր և մտահոգություններ Ջավախքի մի շարք ոլորտներում առկա հիմնահարցերի վերաբերյալ: Քննարկման մասնակիցները հանդես եկան ջավախահայությանն օժանդակելու վերաբերյալ մի շարք առաջարկներով՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել մի շարք ծրագրերի:

 Բարերար, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը հայ համայնքին ներկայացրեց նաև Հիմնադրամի անցած մեկամյա բովանդակալից ճանապարհը, իրականացված ծրագրերը, որոնցից շատերը նաև շարունակվում են այսօր։ Խոսելով «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի մասին՝ Ս. Սահակյանը նյութականից առավել կարևորեց բարոյական այն ահռելի դրդիչ ուժը, որը կնպաստի ապագայի հանդեպ ջավախահայերի լավատեսության ձևավորմանը, հայրենի հողում ամրանալու և արարելու ցանկությանը։ Ս. Սահակյանը ներկայացրեց նաև ՋԱՀ-ի նախաձեռնած ևս մեկ՝ Ջավախքի Կարծախ գյուղում մեծանուն աշուղ Ջիվանու տուն-թանգարանի ստեղծման ծրագիրը, որի աշխատանքներն այժմ ընթացքի մեջ  են։

Ելույթներով հանդես եկան նաև հայ համայնքի, տեղական իշխանությունների, հոգևոր դասի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչեր։

Միջոցառման ավարտին որոշվեց ամերիկաբնակ ջավախահայերին և այլ շահագրգիռ անձանց հետագա առավել համախմբման և իրականացվելիք ծրագրերի մեջ ներգրավելու համար ԱՄՆ-ում հիմնել ՋԱՀ-ի ներկայացուցչություն: Նորաստեղծ ներկայացուցչության շուրջ համախմբվելու և տարաբնույթ ծրագրերին օժանդակելու գաղափարը ողջունվեց բոլոր ներկաների կողմից:

NKarner (1) NKarner (2) NKarner (4) NKarner (5)

NKarner (7) NKarner (8) NKarner (9)

Ջավախքցի ավագների կողքին իրենց արժանի տեղն ունեն նաև երիտասարդները

Մարտի 14-ին, ժամը 13։00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» խորագրով համաժողովը, որի նպատակն էր Ջավախքի խնդիրների վերհանման և լուծման գործընթացներում ներգրավել երիտասարդներին և ստեղծել համապատասխան մեխանիզմ, որի միջոցով ջավախահայ երիտասարդներին հնարավորություն կտրվի իրենց մասնագիտական հմտությունները ներդնել, կիրառել հայրենի Ջավախքի հզորացման գործում։

Համաժողովին ներկա էին 500-ից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ ՋԱՀ-ի հիմնադիրները, հոգաբարձուների խորհրդի անդամները, տարբեր ոլորտներում կայացած ջավախաբնակ և հայաստանաբնակ անհատներ, հյուրեր արտերկրից, մշակութային և  քաղաքական գործիչներ, ուսանողներ, ինչպես նաև ջավախահայության հիմնախնդիրներով հետաքրքրված այլ անձինք։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ներկայացնելով Համաժողովի նպատակները ջավախահայության խնդիրներով զբաղվելու հարցում, կարևորեց նաև սերնդափոխության, ավագ սերնդին արժանի հետնորդներ ունենալու գաղափարը։

Համաժողովին իր օրհնանքի խոսքն ասաց Վիրահայոց թեմի Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հայր Բաբգէն վարդապետը, այնուհետ ելույթով հանդես եկան ՋԱՀ–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, ՋԱՀ-ի  համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, ՌՀՄ-ի Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Թումաս Վարդանյանը, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, ՋԱՀ-ի համահիմնադիր Կարինե Խոդիկյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր–ղեկավար, ՋԱՀ-ի համահիմնադիր Գագիկ Գինոսյանը, ովքեր իրենց ելույթներում կարևորեցին ջավախահայ երիտասարդության դերն ու նշանակությունը Ջավախահայության խնդիրների վերհանման և լուծման գործում։ Համաժողովին ելույթով հանդես եկան տարբեր ոլորտներում կայացած ջավախաբնակ և հայաստանաբնակ երիտասարդներ, հայկական և միջազգային կառույցների նախագահներ և ներկայացուցիչներ, որոնց ներկաներն ուղղեցին իրենց հուզող մի շարք հարցեր։ Ելույթներում հատկապես մատնանշվեց երիտասարդների և Ջավախքի միջև հոգևոր և ֆիզիկական կապի վերստեղծման, հայապահպանության և ինքնության պահպանման գաղափարը, ընդգծվեց հայրենի հողում ապրելու և արարելու կարևորությունը։

Բարերար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր խոսքում կարևորեց ջավախահայերի շրջանում բարերար մթնոլորտ ստեղծելու գաղափարը և գնահատանքով խոսեց մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև անհատների կողմից Ջավախքի ուղղությամբ իրականացված ազգանվեր և հայապահպան գործունեության մասին։ Սոս Սահակյանը հույս հայտնեց, որ ավագ սերդնի գործն ու ոգևորությունը վարակիչ կլինեն երիտասարդ սերնդի ներկայացուցիչների համար։ Իր խոսքում Ս. Սահակյանը հորդորեց երիտասարդներին առավել մեծ ակտիվություն ցուցաբերել, ինչպես նաև Համաժողովը համարեց ևս մեկ խթանիչ ուժ վերանայելու ծրագրային խնդիրները և առավել ընդգրկուն պրոյեկտների միջոցով փորձ անել երիտասարդությանը ներգրավել Ջավախքի ուղղությամբ տարվող տարվող աշխատանքներին։

«ՋԱՀ-ը դիմացավ ժամանակի փորձությանը, հաջողությամբ կատարեց իր ստանձնած առաքելությունը և իրապես մեծ գործ է կատարում համաջավախքյան և համահայկական առումով»,- այսպես սկսեց իր ելույթը ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը։ Հիմնադրամը ճիշտ ուղի է ընտրել՝ կարևորելով երիտասարդական թևի ակտիվացումը հանուն հայապահպանության, ինքնության պահպանման գաղափարի, քանի որ հայրենիքը սկսվում է հենց աշխարհաճանաչողությունից, հայրենասիրությունը պայմանավորվում է սեփական հողում ապրելով և արարելով։ «Ես դասալիք եմ ինձ համարում, որովհետև Ջավախքում չեմ ապրում: Ես ջավախեցի եմ, Երևանում եմ ապրում, փափկասուն կյանքով, ԳԱԱ-ում եմ աշխատում, բայց մեզնից յուրաքանչյուրը պիտի լիներ Ջավախք աշխարհում»։ Ըստ նրա՝ ջավախքցի երիտասարդը պետք է մնա իր տեղում, իր հայրենիքում՝ Ջավախքում ապրող ջավախեցու հպարտության զգացողությունը մշտապես սրտում պահելով, «իսկական ջավախքցին ու հայրենասերը նա է, ով ստանալով իր ավարտական վկայականը՝ կգնա Ջավախքի գյուղերում աշխատելու»։

Ռուսաստանի հայերի միության Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Թումաս Վարդանյանը բարձր գնահատեց ՋԱՀ-ի գործունեությունը՝ մաղթելով Հիմնադրամին իրավամբ լուսավորել ջավախահայերի, մասնավորապես երիտասարդների միտք ու հոգին։ Թ. Վարդանյանն, իր խոսքում կարևորելով ջավախահայությանն օգնություն տրամադրելու հանգամանքը, նշեց, որ հայանպաստ ծրագրերին պետք է մասնակից դառնա յուրաքանչյուր ոք և կոչ արեց երիտասարդներին մնալ և արմատներ գցել հայրենի հողում։

 ՋԱՀ-ի  համահիմնադիր Կարինե Խոդիկյանը Համաժողովին համոզմունք հայտնեց, որ ցանկացած գործ ապագա ունի, երբ ավագների կողքին իրենց արժանի տեղն ունեն երիտասարդները։ «Ժամանակն է եկել ավագ սերնդի ներկայացուցիչների փորձի և ունակությունների կողքին ավելացել երիտասարդների մաքսիմալիզը, համարձակությունը, խիզախությունը և երբեմն նույնիսկ մերժողությունը, քանի որ մինչև չմերժես, չես հաստատի և առաջ չես գնա»։ Կ. Խոդիկյանը կոչ արեց երիտասարդներին լինել համախմբված, մասնակցել  Հիմնադրամի ցանկացած նախաձեռնությանը և առաքելությանը։ «Ջավախքցիները ուժեղ և պայքարող ժողովուրդ են։ Մենք ուժեղ ենք թե՛ Հայաստանում, թե Ջավախքում. մնում է միայն միավորվել և այդ ուժը ուղղել Ջավախքի հզորացմանը»։

Գագիկ Գինոսյանն, իր հերթին մեծ խանդավառությամբ ողջունելով երիտասարդներին, նշեց, որ նման համախմբվածություն մեծահասակներն էլ կդժվարանան հիշել։ «Երիտասարդությունը օրգանիզմի սիրտն է, շարժիչ ուժը»,- նշեց Գ. Գինոսյանը՝ կոչ անելով երիտասարդներին չկորցնել ջավախքցու համառ, նվիրյալ տեսակը։ «ժողովուրդը նա է, ով վախենում է իրենից դուրս եղած առյուծից, ցեղը նա է, ով իրենից դուրս առյուծ չի ճանաչում»,-եզրափակեց Գ. Գինոսյանը՝ հիշելով Նժդեհի խոսքերը և համոզմունք հայտնեց, որ ջավախքցու ներսի առյուծը ի վերջո իրենց կվերադարձնի հայրենի բնօրրան։

Համաժողովին ելույթ ունեցան նաև ջավախաբնակ և հայաստանաբնակ կայացած երիտասարդներ, կազմակերպությունների երիտասարդ ղեկավարներ, ովքեր իրենց ելույթներում վեր հանեցին ջավախքյան տարբեր ոլորտներում առկա մի շարք խնդիրներ, ներկայացրեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Հակոբյանը առաջարկեց վճարել ջավախքցի երիտասարդների ուսման վարձը՝ պայմանագիր կնքելով նրանց հետ, որ ուսումն ավարտելուց հետո որոշ ժամանակահատված աշխատեն հայրենի երկրում։ 

Հաշվի առնելով Ջավախքում ատամնաբուժության ոլորտի լճացած վիճակը՝ մասնագիտությամբ Արթուր Մանուկյանը կարծիք հնչեցրեց նոր տեխնոլոգիաներով հագեցած ատամնաբուժարան ստեղծել հենց Ջավախքում կամ վերապատրաստման դասընթացներ անցկացնել տեղի բժիշկների հետ։

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլի հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանն իր ելույթում խոսեց Վրաստանում և Ջավախքում առկա սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական պրոսեցների հետևանքով ստեղծված և իշխանությունների կողմից արհեստականորեն առաջացրած հիմախնդիրների մասին։

Ծնունդով Ջավախքից, իրավաբան Դավիթ Մկոյանը հատկապես կարևորեց ջավախքցու սեփականության իրավունքի պաշտպանության, օրենքներից անիրազեկության հարցը։ Ջավախքում զգացվում է իրավական խորհրդատվության կարիք, որը կարելի է իրականացնել Ջավախքում պարբերաբար իրավական ոլորտի սեմինարներ կազմակերպելով։

Մի երկիր, որ աշխարհին տվել է հայտնի գիտնականներ, մշակութային գործիչներ և աշխարհահռչակ բանաստեղծներ, այսօր կանգնած է մշակութային լուրջ խնդիրների առջև։ Երգիչ Մավր Մկրտչանն հայտնեց իր անհանգստությունն այս կապակցությամբ՝ մատնանշելով, որ Ջավախքում բացակայում են մշակութային կենտրոններ, վերանորոգված համերգային դահլիճներ, «եղածներում էլ ջեռուցման համակարգի բացակայության և վատ պայմանների պատճառով հնարավոր չէ միջոցառումներ անցկացնել»։ Երիտասարդ երգիչն առաջարկեց գյուղերում ևս մշակութային-երիտասարդական կենտրոններ ստեղծել, մասնագետներ ուղարկել Ջավախք տեղում վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով։

Համաժողովի մասնակիցներին պ.գ.թ., ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Սարգսյանը ներկայացրեց Վահան Տերյանի ավագ եղբայր, ուսուցիչ, անվանի մտավորական և հասարակական-մշակութային գործիչ Ջավախեցու (Ղազարոս Տեր-Գրիգորյան) կյանքը և ստեղծագործական ուղին ներկայացնող իր հեղինակած գիրքը։ Ըստ բանախոսի՝ Ջավախեցու կողմից ժամանակին բարձրաձայնված և Ջավախքի տնտեսությանը, լեզվամշակութային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր այսօր էլ, մեկդարյա հեռավորությունից, խիստ արդիական են։ Ավելին, նշյալ խնդիրների լուծման ուղիները, որոնք մատնանշել է Ջավախեցին, այսօր էլ ունեն կիրառական մեծ ներուժ։

Համաժողովի ընթացքում հայտարարվեց նաև հանձնաժողովների ստեղծման մասին, որը պետք է հանդիսանա մեխանիզմ  հիմնախնդիրների վերհանման և լուծման գործում։

Հանձնաժողովների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք կարդալ այստեղ:

Համաժողովի լուսանկարներն հասանելի են այստեղ։

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սանկտ Պետերբուրգից՝ Պերմ. ՋԱՀ-ը օրերս հիմնեց իր երկրորդ օջախը

Դժվար է ասել, թե երբ է առաջին հայը ոտք դրել Ուրալ, փաստենք միայն, որ հայկական հետքը Մերձվոլգյան ֆեդերալ օգրուկի մեջ մտնող և 2005 թ. կազմավորված Պերմի երկրամասում ունի մի քանի հարյուր տարվա պատմություն, որտեղ հայության թիվն այսօր հասնում է շուրջ 50.000 – ի. այս թվի մեջ են մտնում նաև Պերմ քաղաքի թվով 9.500 հայերը:    Ջավախքի Օլավերդ գյուղի զավակ, Պերմի  հայտնի գործարար, բարերար Գրիգոր Տաշչյանը նշում է, որ իր որդին, որն զբաղվում է քաղաքի ճարտարապետության ուսումնասիրմամբ, գիտական ուսումնասիրություններ կատարելիս Պերմի արխիվներում հայտնաբերել է քաղաքում Լազարյանների կալվածքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, որոնց շնորհիվ իրենք պարզել են, թե Պերմի ներկայիս որ հատվածում են ժամանակին իրենց ներկայությունը հաստատել հայոց նշանավոր տոհմերից մեկի՝ Լազարյանների ներկայացուցիչները: Իսկ ահա մեկ այլ ջավախահայ, Ջավախքի Բոգդանովկա (այժմ՝ Նինոծմինդա) քաղաքի արվարձան հանդիսացող հնամենի Խոջաբեկ գյուղի զավակ, «Մետաֆրաքս» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Պերմի նահանգի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Ղարսլյանը առանձին հպարտությամբ է նշում, որ Պերմում ժամանակին ապրել և ստեղծագործել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, որը հենց այս խստաշունչ քաղաքում է ստեղծել իր հռչակավոր «Գայանե» բալետը: «Երբ մենք հայտնաբերեցինք այդ փաստը, շատ մեծ աղմուկ բարձրացրինք, մեզ՝ պերմահայերիս համար շատ մեծ հպարտություն էր Արամ Խաչատրյանով ներկայանալը ռուսական միջավայր: Դրանով Պերմում մեր համայնքը քաղաքակրթական մի նոր աստիճանի բարձրացավ, իսկ մենք՝ համայնքի ղեկավարներս, շարունակեցինք առավել մեծ պատասխանատվությամբ և պարտավորվածությամբ մոտենալ համայնքի կազմակերպման խնդիրներին», - նշում է Արմեն Ղարսլյանը: Գրեթե նույն կարծիքին է նաև համառուսաստանյան մակարդակի մեկ այլ խոշոր գործարար, Ջավախքի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղի զավակ, Պերմի նահանգի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Սարգսյանը, ով իր խոսքում և գործունեության մեջ մեծապես կարևորում է և՛ համայնքի շրջանում հայոց ավանդույթների պահպանման ու գալիք սերնդին փոխանցման խնդիրը, և՛ հայրենի Ջավախքի ու գյուղի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Չնայածիր նյութական ունեցվածքի խոշոր չափերին ու բիզնես գործունեության ընդգրկուն ոլորտներին, Վաղարշակ Սարսգյանն իր առօրյա կյանքում և հայրենակիցների շրջապատում իրեն դրսևորում է որպես չափազանց համեստ, ջավախքցուն, իսկ ավելի խոր արմատներով՝ տոհմիկ կարնեցուն բնորոշ ազնվականի իր տեսակով, հայոց ավանդական նիստուկացով ապրող մարդ, որի խոսքին առանձնահատուկ փայլ է հաղորդում կարնո բարբառը. «Տղա՛ք ջան, էս ամենն օր կտեսնիք՝ գործարաններ և այլն, իսոնք սաղ մեկ կողմ, ինձի համար էս ամեն ինչի մեջ ամենաթանկ բանն այսիկ է», - նշում է Վ. Սարգսյանն ու մատնացույց անում իր աշխատասենյակում փակցված մեծադիր լուսանկարը, որը խոշոր պլանով ներկայացնում է նրա հայրենի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղը: Ի դեպ, Վ. Սարգսյանը, լինելով գեղանկարների սիրահար, առանձնակի ջերմությամբ ընդունեց ՀՀ-ից ժամանած պատվիրակության նվերը՝ Ջավախքի խստաշունչ ձմռան տեսարան ներկայացնող գեղանկարը՝փոխարենը նվիրելով Պերմի երկրամասի խորհրդանիշն ու այդ վայրերի մասին պատմող գրքեր: 

Ե՛վ Վ. Սահակյանը, և՛ Ա. Ղարսլյանը Պերմ են եկել Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո: Ա. Ղարսլյանը, ավարտելով Բոգդանովկայի ռուսական դպրոցը և ծառայելով Խորհրդային բանակում, ուսումը շարունակում է Պերմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դա հեռավոր 1988 թվականն էր: Պերմի քիմիական արդյունաբերական ձեռնարկությունների ու մի շարք արտադրական հիմնարկների ապագա ղեկավարն իր գործունեությունն սկսել է սկզբնական շրջանում աշխատելով դատաիրավական համակարգում: Այժմ, բացի ձեռնարկատիրական գործունեությունից, Ա. Ղարսլյանըզբաղվում է նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ. հանդիսանում է «Եդինայա Ռոսսիա» կուսակցության Պերմի տարածաշրջանային կառույցի քաղխորհրդի անդամ,  Պերմի երկրամասային օրենսդիր ժողովի պատգամավոր, Պերմի Իրավաբանների ակումբի համահիմնադիր, Պերմի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ: 2013 թ. աշնանը մեծանուն բարերարի կողմից Ջավախքի հայրենի Բոգդանովկա քաղաքում հիմնադրվեց Ռաֆայել – Ջավախք Ղարսլյանի անվան կրթամշակութային, երիտասարդական կենտրոնը: Անվանի մտավորական Գ. Սնխչյանի և նվիրյալ հոգևորական Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հոգատարության տակ գործող այս կենտրոնն այժմ իր շուրջն է բոլորել հարյուրավոր սաների: Մշակութային սով ապրող Ջավախքում, հիրավի, սա պատմական երևույթ էր, որը համալրեց Ջավախքում ՀՕՄ-ի հոգատարության տակ գործող նմանատիպ մի քանի կենտրոնների շարքը:

Վաղարշակ Սարգսյանը նույնպես Պերմ է ժամանել ուսման նպատակով, որտեղ մինչ այդ սովորում էր նրա ավագ քույրը: Տնտեսության բնագավառում աշխատելու նրա ձիրքերը նա ժառանգել է հորից՝ Ղուշչի գյուղի կոլտնտեսության նախագահ Բորիս Սարգսյանից, որը դեռ մանկությունից որդու մեջ սերմանել էրանսահման աշխատասիրություն: Այժմ Վ. Սարգսյանը հանդիսանում է մետալուրգիական և մեքենաշինական խոշորագույն ձեռնարկության՝ «Մոտովիլիխինյան գործարանների» բաժնետերը, Պերմի երկրամասային օրենսդիր ժողովի պատգամավոր, այլևայլ ոլորտների խոշոր գործարար: Գիտակցելով տեղի հայության կազմակերպման և մշակութային զարգացման խնդիրները՝ համայնքի առաջնորդների ջանքերով 2000 թ. կազմավորվում է Պերմի նահանգի հայկական մշակութային կենտրոնը, որի նախագահը մինչ օրս հանդիսանում է Վ. Սարգսյանը: 2001 թ. համայնքային այս կազմակերպության հենքի վրա բացվում է Մ. Մաշտոցի անունը կրող հայկական դպրոցը: Համայնքի մտավորական Ժասմենա Հայրապետյանի տնօրինության տակ գործող դպրոցն այսօր ունի շուրջ 150 աշակերտ: Մշակութային կենտրոնի շրջանակներում կազմավորվել և շնորհաշատ Սարգիս Մարգարյանի ղեկավարությամբ ակտիվորեն գործում է Երիտասարդական կոմիտեն, «Կռունկ» պարային համույթը (խորեոգրաֆ Ալյոնա Հարությունյանի ղեկավարությամբ) և այլն:    

Վ. Սարգսյանի, Ա. Ղարսլյանի, Գ. Տաշչյանի և համայնքի որոշ այլ բարերարների ջանքերով Պերմի ընդարձակ մի տարածքի վրա շուտով կղողանջեն Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայոց տուֆակերտ եկեղեցու զանգերը, իսկ նրան հարող տարածքում իր դռները կբացի բազմահարկ և խոշորածավալ շենքը՝ պերմահայոց մշակութային, կրթական, հոգևոր և երիտասարդական նոր կենտրոնը:

Հնուց եկած մի խոսք կա՝ «Միևնույն նպատակն ունեցող մարդիկ կյանքում մի օր անպայմանորեն հանդիպում են մեկմեկու»: Այդպես եղավ նաև Պերմի հայ համայնքի ղեկավարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների պարագայում: Ունենալով միևնույն նպատակը՝ կարճ ժամանակամիջոցում վերջիններս բարեկամացան,և արդյունքում 2015 թ. սկիզբը նշանավորվեց ՋԱՀ-ի պատվիրակության Պերմ  այցելությամբ և նահանգի հայության ղեկավարության կողմից բարեգործական միջոցառման իրականացմամբ:

Ձևավորված ավանդույթի համաձայն` բարեգործական միջոցառման շրջանակներում հատուկ տեղի հայ համայնքի համար կազմակերպվեց համերգային ցերեկույթ, որտեղ ելույթով հանդես եկան տեղի մշակութային կենտրոնի ներկայացուցիչներն ու հայրենիքից ժամանած արվեստագետները: Այդ նպատակով օրեր առաջ ՋԱՀ-ը Պերմ էր գործուղել «Կարին» ավանդական երգի – պարի խմբի գեղ. ղեկավար, ՋԱՀ-ի համահիմնադիր Գագիկ Գինոսյանին ու նույն խմբի կատարող Անի Գինոսյանին, ովքեր շուրջ մեկ շաբաթ Պերմ քաղաքի հայ համայնքի պարի համույթների հետ անցակցրեցին վարպետության դասեր: Միջոցառմանը Պերմի շնորհաշատ հայ երիտասարդ-կատարողների հետ համատեղ  հանդես եկան նաև ՋԱՀ-ի  պատվիրակության հետ ժամանած սիրված երգիչներ Մավր Մկրտչյանն ու Նարեկ Պողոսյանը:

Ինչպես ցերեկույթին, այնպես էլ բարեգործական ճաշկերույթի շրջանակներում ելույթներով հանդես եկան ՋԱՀ-ի պատվիրակության անդամներ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, հոգաբարձուներ Արարատ Մահտեսյանը, Սերգեյ Վանցյանը, Գագիկ Գինոսյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանն ու վերջինիս տեղակալ Վահե Սարգսյանը, որոնք բազմակողմանիորեն ներկայացրին ՋԱՀ-ի առաքելությունն ու ընդգծեցին Ջավախքին օժանդակելու անհրաժեշտությունը: Իրենց հերթին նախաձեռնությունը ողջունեցին և ՋԱՀ-ի ծրագրերի շուրջ համախմբվելու կոչով հանդես եկան համայնքի ղեկավարներ Վաղարշակ Սարգսյանն ու Արմեն Ղարսլյանը: Ջավախքին հուզող հիմնախնդիրները դիտարկելով համահայկական հարցի շրջանակներում՝ միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև ծնունդով ՀՀ-ի տարբեր շրջաններից Պերմում իրենց տնտեսական գործունեությունը ծավալող անձինք, որոնց մեջ գերակշիռ մաս էր կազմում Գեղամա ավազանի հայությունը:    

Բարեգործական երեկոյին ներկա շուրջ մի քանի տասնյակ նվիրատուների կողմից հավաքագրված միջոցները «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն ուղղելու է Ջավախքի սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտներում առկա խնդիրների բարելավման ուղղությամբ:

Ս. Պետերբուրգից հետո Պերմի երկրամասը երկրորդ վայրն է, որտեղ ՋԱՀ-ը ստեղծեց իր օջախը, մի հաստատուն հենարան, որի միջոցով յուրաքանչյուր ոք կկարողանա շարունակական դարձնել իր հայրենաշեն ծրագրերն ու գաղափարները:      

 Վահե ՍԱՐԳՍՅԱՆ Պերմ-Երևան Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել այստեղ։