Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը Կարծախում

Այս տարի ավանդական «Ջիվանիական օրեր» հանդիսույթն իր բովանդակությամբ առանձնացավ նախորդ տարիներից. տոնակատարությունների շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը:

Ջավախքի շրջանների ղեկավարության, ՀՀ-ից և Թիֆլիսից ժամանած մի շարք բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ և Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանի օրհնությամբ հիշատակի գրությամբ գլանակը տեղադրվեց պատի մեջ, և այդպիսով հայտարարվեց շինարարական աշխատանքների մեկնարկը:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը այս առթով նշեց. «Ջիվանու նկատմամբ սերունդների պարտքը այսօր կատարվում է։ Կարծում եմ, նրա լուսավոր հոգին այսօր ուրախության և հուզմունքի պահեր է ապրում, տուն-թանգարանը պետք է այնպիսին լինի, որ այցելուն լիարժեք պատկերացում կազմի Մեծն Աշուղի մասին»։ Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հ. Մութաֆյանի գլխավորությամբ Ջավախքի Կարծախ գյուղ մի քանի անգամ գործուղված խումբը մանրամասնորեն կատարել է չափագրական աշխատանքները, կազմել շինարարական նախագիծ: Առաջիկայում փուլ առ փուլ իրականացվելու են տուն – թանգարանին անհրաժեշտ ցուցադրական նյութերի (Ջիվանու ձեռագրեր, գրքեր, լուսանկարներ, անձնական իրեր, անձնական երաժշտական գործիքներ և այլն) հավաքագրման, ցուցասրահի ձևավորման, կենցաղային նյութերի հայթայթման, շինարարական, ներքին հարդարման աշխատանքների իրականացման, տուն-թանգարանի կահավորման, հայթայթված նյութերի և իրերի դասավորման աշխատանքները:

Տուն – թանգարանն այցելուների առաջ իր դռները կբացի 2016 թ. ամռանը: Հիշեցնենք, որ մյուս տարի նշվելու է մեծանուն աշուղի ծննդյան 170-ամյակը: Ջավախքից սերված մեծերից միայն Վահան Տերյանին է բախտ վիճակվել ծննդավայրում ունենալու սեփական տուն–թանգարան: Ինչպես Ջիվանին, այնպես էլ շատ հայորդիներ, ինչպիսիք են Վ. Սուրենյանցն ու Վ. Գայֆեջյանը, Հ. Մանանդյանն ու Չիֆթալարյանները, Լ. Զաքարյանը, Դ. Դեմիրճյանը, Հավասին և շատ ուրիշներ, դեռ սպասում են հայրենի հողում իրենց հիշատակը հավերժացնող հաստատությունների ստեղծմանը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, գիտակցելով Ջավախքի մշակութային կյանքի զարգացման գործում հայ մեծերի կյանքի և գործունեության վերարժևորման կարևորությունը, ինչպես նաև ջավախահայության ծոցից ծնված այդ տաղանդաշատ մարդկանց հոգևոր ժառանգությունը հարազատ վայրերում ի ցույց դնելու անհրաժեշտությունը, ձեռնամուխ եղավ աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում մեծանուն աշուղի տուն–թանգարանի ստեղծմանը: Ի դեմս Ջիվանու հիշատակը հավերժացնող տուն–թանգարանի` ջավախահայության ու համայն հայության համար կստեղծվի ևս մեկ հոգևոր հաստատություն:

Մեծանուն աշուղ, հանճարեղ փիլիսոփա Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում 20-րդ դարի կեսերից ի վեր հիմնադրվել և անցկացվում են «Ջիվանիական օրեր» ավանդական դարձած տոնակատարությունները, և յուրաքանչյուր տարի բազմահազար ջավախքահայեր Ջավախքի բոլոր բնակավայրերից, ՀՀ–ից, Ռուսաստանից ու այլ երկրներից, հավաքվում են Կարծախ գյուղի հարկի տակ:

 10407536_405918249600003_3672791119130393019_n 10592797_405917912933370_1766871775245474606_n 11011531_405918262933335_73310258891988085_n 11037184_405917939600034_7207093989386196481_n

11051792_405918199600008_8546480255392887672_n 11057224_405917982933363_5368588307882660688_n 11144994_405918196266675_4852061371519541466_n 11703180_405918179600010_1098071282301722068_n

11703197_405919329599895_2439290387924716477_n 11709754_405918269600001_2603995160235965634_n 11745549_405919186266576_2641663410809461245_n 11751434_405919079599920_1208181462902971002_n

11751732_405918656266629_4258072435054043626_n 11752037_405917896266705_2904418404051041286_n 11796442_405918909599937_8016538110814392292_n 11811369_405917926266702_3639497844011572036_n

11822631_405918002933361_8855195632331217788_n 11822862_405918652933296_4779968133398196192_n

«Երկիր Զաբախա»՝ Վահագն Դեմիրճօղլյան

Ջավախքի Ախալքալաք քաղաքից սերող նշանավոր Դեմիրճօղլյանների տոհմը հայ ազգին տվել է բազում հանրահայտ դեմքերի: Տոհմի սերունդ են հանդիսանում հոգևորականներ, գրողներ, գիտնականներ, որոնցից մեծանուն գրող Դերենիկ Դեմիրճօղլյան-Դեմիրճյանին բոլորը գիտեն, քչերը սակայն գիտեն նրա հորեղբոր զավակ, Գևորգյան ճեմարանի շրջանավարտ և Արդահանում շուրջ 10 տարի հոգևոր ծառայություն իրականացրած Վահագն Դեմիրճօղլյանին (1875-1938)՝ ապագայի գիտնական, քիմիկոս-ատոմիստին, որն իր գիտական ուսումնասիրություններն ու եզրահանգումները չի կատարել գիտական հայտնի լաբորատորիաներում և ճանաչված գիտնականների միջավայրում: Այդուհանդերձ՝ քիմիական տարրերի, միջուկային մի շարք հարցերի և այլ բնագավառների վերաբերյալ միանգամայն անկախ կերպով արված նրա եզրահանգումներն ապշեցուցիչ կերպով համընկել են աշխարհի հռչակավոր գիտական կենտրոններում իրականացված ուսումնասիրությունների հենքի վրա արված հայտնագործություններին, և այդ ամենի մասին ժամանակին և հետագայում խոստովանել ու իրենց ծանրակշիռ կարծիքներն են արտահայտել մի շարք աշխարհահռչակ ու հայտնի գիտնականներ՝ Ա. Կ. Տիմիրյազևը, միջուկային ֆիզիկայի հայր Է. Ռեզերֆորդը, հայազգի պրոֆեսոր Լ. Ա. Ռոտինյանցը և ուրիշներ:

Վահագն Դեմիրճօղլյանը, գիտնականի անգնահատելի շնորհից բացի, օժտված էր նաև նկարչի, բանաստեղծի և քանդակագործի ձիրքերով: Թողել է քնարական բանաստեղծությունների մի քանի տետր, իսկ քանդակներից մեկը՝ հայ արքաների մարմարե խորաքանդակը պահվում է Լուվրի թանգարանում:

Ախալքալաքի հանրահայտ Խաս բախչայի մեծանուն զավակներից մեկի՝ Վահագն Դեմիրճօղլյանի կյանքի և գիտական-ստեղծագործական պատկառելի գործության մասին զրուցում ենք հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանի հետ:

Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ:

«Երկիր Զաբախա»` նշանավոր օլավերդցիներ

Ջավախքի խորհրդանիշ բարձրագահ Աբուլ լեռան ծոցում է գտնվում Օլավերդ գյուղը: 1989 թ. հուլիսի 4-ին հեռավոր ու լեռնային այս գյուղում մեծ շուքով բացվում է Զորավար Անդրանիկի հուշարձանը: Քանդակագործը Մեծ եղեռնին զոհ դարձած Վանի նշանավոր գերդաստաններից մեկի` Մարտիրոսյանների ժառանգն է` Ջավախքի նշանավոր քանդակագործ Գևորգ Մարտիրոսյանը, գերդաստան, որի 40 անդամներին գրեթե ամբողջությամբ 1915 թ. Վանում կոտորել են թուրքերը, և Անդրանիկի շնորհիվ է, որ քանդակագործի տատը կարողանում է անցնել Արաքսը և փրկվել: Հենց գաղթի ճանապարհին էլ ծնվում է քանդակագործի հայրը` Հակոբը, որի մոր փրկարարին և այդպիսով իրեն կյանք պարգևողին` հայոց զորավարին, իր որդին անմահացրեց հայրենի գյուղում:

1989 թ. հուլիսի 4-ից ի վեր գյուղում ամեն տարի հուլիսին նշվում է Զորավար Անդրանիկին նվիրված տոնը, որը ներկայումս վեր է ածվել համաջավախքյան տոնակատարության:

1994 թ. հոկտեմբերի 24-ին Ախալքալաքի Լենինի անվան նախկին կենտրոնական հրապարակը վերանվանվեց Մ. Մաշտոցի անվան: Այժմ նույն հրապարակում վեր է խոյանում Մ. Մաշտոցի լավագույն հուշարձաններից մեկը, որը Օլավերդ գյուղի անգնահատելի նվերն է Ախալքալաք քաղաքին և համայն հայությանը, քանի որ և' քանդակագործը (հայր և որդի Գևորգ և Սուրեն Մարտիրոսյաններ), և' բարեգործը (Աշոտ Տաշչյան) Օլավերդ գյուղից են:

Գևորգ և Սուրեն Մարտիրոսյանների ոսկի ձեռքերը կերտել են Ջավախքում այսօր վեր խոյացող բազմաթիվ կոթողներ` արցախյան ազատամարտի հերոս-նահատակների հուշարձաններ, Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում տեղադրված և Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը և այլն:

Օլավերդ գյուղի Տաշչյանների, քանդակագործ Մարտիրոսյանների, Գիլոյանների, Սրապյանների ու մի շարք այլ տոհմերից սերել են մի շարք նշանավոր մարդիկ:

Չնայած բազմաթիվ դժվարություններին` Օլավերդն այսօր էլ շարունակում է իր հաղթական ընթացքը, և համեմատաբար քչերն են մտածում արտագաղթելու մասին:

Աբուլ լեռան ծոցում պարփակված խորհրդավոր այս գյուղին են նվիրված մեր այսօրվա զրուցակցի` ծնունդով օլավերդցի, Հայաստանի գրողների և Ժուռնալիստների, Ռազմածովագիրների միջազգային միության անդամ, բանաստեղծ, արձակագիր Հակոբ Սրապյանի հետևյալ հուզառատ տողերը.

ԾՆՆԴԱՎԱՅՐ Աբուլ լեռան ժպտուն փեշին, Արքա լեռան հայացքի տակ, Խառնված է երազն հուշին- Սա իմ գյուղն է` օրոցքն իմ տաք… Աստեղ երկինքն այլ խորք ունի, Այստեղ աստղերն այնքան են շատ, Որ չեն թողնում, թե մարդ քնի- Գալիս, ծոցդ են լցվում հատ-հատ… Ծաղիկների շնչանքն անուշ Արբեցումի դեղ է ասես, Գարունն այստեղ գալիս է ուշ` Նազեր ծախող հարսնուկի պես… Ջրերն այստեղ` մեռոնաբույր, Որ սառույց են կապում շուրթիդ, Գյուղամիջյան երեք աղբյուր` Մորս արցունքի նման վճիտ… Իմ պապերն են այստեղ խոսում Եկեղեցու զանգի կանչով, Նախնիներիս ձայնն եմ լսում Սար ու ձորից մեր կանաչող… Սար ու ձորում – կապույտ երկինք, Եվ շուրջբոլոր` լեռներ կուտակ, Արքա լեռն իմ թագ է գլխին – Սա իմ գյուղն է` օրոցքն իմ տաք… 9.05.2004 թ.

ՋԱՀ-ի նախաձեռնությամբ ջավախահայ երիտասարդներն այցելեցին Շիրակի մարզ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երևանյան պատվիրակությունը ս/թ մայիսի 10–ին Գյումրիում էր: Հիմնադրամի շուրջ համախմբված երիտասարդներին ՋԱՀ-ի բարերարների ծավալած գործունեությանը ծանոթացման ծրագրի շրջանակներում ՋԱՀ-ի աջակցությամբ Գյումրի էին ժամանել նաև շուրջ հարյուր ջավախահայ երիտասարդներ ինչպես Երևանից, այնպես էլ Ջավախքի բոլոր շրջաններից: Այցի շրջանակներում երիտասարդներն այցելեցին Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որի կենտրոնական հրապարակում վերջերս հանդիսավորապես բացվել էր հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արձանը։ Հաջորդիվ երիտասարդները եղան Սբ. Յոթվերք եկեղեցում, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում (ք. Գյումրի), Մարմաշենի վանական համալիրում՝ ծանոթանալով Շիրակի այս հոյակերտ կոթողին: Երիտասարդների այցի հաջորդ հանգրվանը Շիրակի ֆուտբոլային ակադեմիան էր, որտեղ հյուրերը ծանոթացան Շիրակի մարզի ֆուտբոլային կյանքին, հանդիպեցին «Շիրակ» ակումբի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև դիտեցին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումը: Հանդիպման ընթացքում Երևանից և Ջավախքի տարբեր շրջաններից ժամանած երիտասարդ երկրպագուները ոգևորեցին ֆուտբոլիստներին, ինչպես նաև քվեարկությամբ որոշեցին երկու թիմերի լավագույն խաղացողներին։ Հանդիպման ավարտին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը դրամական պարգևներ հանձնեց երկու թիմերից լավագույնը ճանաչած ֆուտբոլիստներին՝ Սեզար Ռոմերոյին («Փյունիկ») եւ Ռոբերտ Դարբինյանին («Շիրակ»։ Հիշեցնենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը միաժամանակ հանդիսանում է նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:       

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դահլիճում, «Շիրակ» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Շիրակի մարզային առաջին հավաքը, որին  ներկա էին բազմաթիվ մտավորականներ, բժիշկներ, արվեստագետներ, գործարարներ և հասարակական կյանքի մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում արմատներով ջավախահայերը: Հանդիպմանը ներկա Երևանից ժամանած ՋԱՀ-ի պատվիրակությունն` ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ, գործարար Սոս Սահակյանի, ներկայացրեց հիմնադրամի անցած մեկամյա ուղին, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, ՋԱՀ-ի նպատակներն ու առաջիկա անելիքները: Այս շրջանակներում տեղի ունեցավ նաև ջավախահայության առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին քննարկում, հնչեցին բազմաթիվ հարցեր և մտահոգություններ Ջավախքի մի շարք ոլորտներում առկա հիմնահարցերի վերաբերյալ: Հավաքի մասնակիցները հանդես եկան ջավախահայությանն օժանդակելու վերաբերյալ մի շարք առաջարկներով՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել մի շարք ծրագրերի:  

Որոշվեց շիրակաբնակ ջավախահայերին և այլ շահագրգիռ անձանց հետագա առավել համախմբման և իրականացվելիք ծրագրերի մեջ ներգրավելու, ինչպես նաև հանդիպումներն  առավել հաճախակի դարձնելու համար Գյումրի քաղաքում հիմնել ՋԱՀ-ի ներկայացուցչություն: Նորաստեղծ ներկայացուցչության շուրջ համախմբվելու և տարաբնույթ ծրագրերին օժանդակելու գաղափարը ողջունվեց բոլոր ներկաների կողմից: Ներկաներից շատերը տեղում իրենց ֆինանսական ներդրումն ունեցան ՋԱՀ-ի ծրագրերում:   

 «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչություն

Միջոցառումների լուսանկարները կարող եք դիտել այստեղ։

Տեղի ունեցավ «Ջավախքահայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945 թթ.)» գրքի շնորհանդեսը

ՀՀ Ազգային արխիվի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նյութական օժանդակությամբ հրատարակված «Ջավախքահայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945 թթ.)» (Երևան, 2014) գրքի շնորհանդեսը: 

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ. Մելքոնյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, հասարակական-քաղաքական գործիչներ,  գրողներ, մտավորականներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՋԱՀ-ի ներկայացուցիչները։  

ՀԱՂԹՆԱԿՆԵՐԻ ՃԱՄՓՈՎ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նյութական օժանդակությամբ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի խմբագրմամբ հրատարակել է պ.գ.դ., պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանի հեղինակած «ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ 1941-1945 թթ.» արժեքավոր գիրքը, որտեղ ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի նյութերի, համապատասխան գրականության և մամուլի հիման վրա առաջին անգամ հայ պատմագիտության մեջ լուսաբանվում է Ջավախքի (հիմնականում՝ Ախալքալաքի շրջանի) հայության 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակցության հիմնահարցը: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած, Փառքի շքանշանի երեք աստիճաններով պարգևատրված և գեներալի ու ծովակալի կոչման արժանացած ջավախքահայերի կատարած սխրանքների, ինչպես նաև թիկունքի աշխատավորների հերոսական աշխատանքի վերհանմանը:

Գիրքը հպարտության մեծ զգացումներ է արթնացնում յուրաքանչյուր ջավախահայի սրտում: Նկարագրված յուրաքանչյուր հերոսական դրվագ, անձնուրաց նվիրում և մարտական խիզախություն, որոնցով բնորոշվում են գրքում տեղ գտած կամ չգտած անձնավորությունները, ունի դաստիարակչական մեծ նշանակություն, քանի որ արժեքային խառնաշփոթի պայմաններում վաղուց արդեն ժամանակի հրամայական է դարձել ջավախահայ հերոսների օրինակելի վարքագծի ներկայացումը և պրոպագանդումը նորօրյա սերդի շրջանում: Ի վերջո՝ այդ մարդիկ, պաշտպանելով Խորհրդային Միությունը, պաշտպանել են իրենց մայրերին ու քույրերին, իրենց գյուղն ու քաղաքը, իրենց հարազատ շրջանն ու երկիրը: Հանուն այդ արժեքների շատերը կյանքով հատուցեցին, շատերը դարձան հաշմանդամ, շատերը մատնվեցին սովի, չքավորության, տեսան իրենց հարազատների զրկանքները, բայց պահպանվեց ամենակարևորը, որը ոչ ոք չկարողացավ սպանել. դա հայի գաղափարական, ոգեղեն տեսակն էր, որը կռվեց, հաղթանակը տոնեց Բեռլինի պատերի տակ ու … կրկին մտավ Հայրենի Ջավախք: Ահա այս ոգու ամրության ու հարատևության, տեսակի անսասանության գաղափարն է իր մեջ կրում սույն գիրքը, որն անհնար է կարդալ առանց հուզմունքի ու ներշնչանքի: 

Խոնարհվե՛նք մեր հաղթանակները կրող գաղափարակիր հայորդիների ապրող և ապրեցնող հիշատակի առաջ: 

պ.գ.թ. Վահե Սարգսյան

Հասանելի է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը:

IMG_5674IMG_5689

Տեղի ունեցավ Դամալա գյուղի ներկայացուցիչների երևանյան առաջին հանդիպումը

Ապրիլի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի ղեկավարության, կազմկոմիտեի նախաձեռնությամբ և ՋԱՀ-ի աջակցությամբ տեղի ունեցավ Դամալա գյուղի ներկայացուցիչների երևանյան առաջին հանդիպումը, որին ներկա էին կազմակերպիչներ, Դամալայից ընտրված շրջանային ժողովի պատգամավորներ Էմին Բալոյանը և Ռոբերտ Նահապետյանը, Դամալա գյուղի գյուղապետ Գուրգեն Թումասյանը, վաստակավոր ուսուցիչ Մինաս Տոնականյանը, ինչպես նաև ծնունդով Դամալայից հայաստանաբնակ մի շարք գործարարներ, գործիչներ և ՋԱՀ-ի անձնակազմը։ Հանդիպման նպատակներից էր վեր հանել և լսելի դարձնել գյուղի բնակչությանը հուզող խնդիրները, առաջարկների, ուղղորդված քայլերի և համախմբված ուժերի միջոցով փորձ կատարել գտնել խելամիտ լուծումներ։ Հանդիպմանն Էմին Բալոյանը և Գուրգեն Թումասյանը քննարկման մասնակիցներին ներկայացրին գյուղում առկա 3 հիմնական խնդիրները՝ մշակույթի տան վերակառուցում, ոռոգման ջրի բարելավում և սպորտային կոմպլեքսի ստեղծում։ Ներկայացված խնդիրների շուրջ ծավալվեց բուռն քննարկում, հատկապես բոլորի ուշադրությունը գրավեց հայրենի գյուղում առավել բարեկարգ և արդեն կինոթատրոնով մշակույթի տուն ունենալու գաղափարը։ Գաղափարն առավել ոգևորիչ և պատկերավոր դարձավ մշակույթի տան 3D տարբերակը դիտելուց հետո, որը նախագծել էր ծնունդով Դամալայից ճարտարապետ Ատոմ Սահակյանը։ Կարևորելով մշակույթի դերն ու նշանակությունը ազգային դիմագիծը պահելու և սերունդներ կրթելու գործում՝ համագյուղացիները մեծ պատրաստակամություն ցուցաբերեցին աջակցել գործընթացին և կարևորեցին աշխարհասփյուռ դամալացիների ակտիվ մասնակցությունը հայերենի գյուղի այս կարևոր մշակութային օջախի վերակառուցման գործում։

Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձան նաև մայիսի 1-ի՝ Դամալա գյուղի օրվա տոնակատարություններին։ Շարունակելով Դամալա գյուղի օրն ինչ-որ կերպ նշանավորելու արդեն ավանդույթ դարձած բարի սովորույթը՝ քննարկման մասնակիցներն համաձայնեցին այս տարի ուղենիշ համարել մշակույթի տան ստեղծումը։ Դամալայի տոնակատարության ընթացում տեղի կունենա նաև ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության շնորհանդեսը Ասպինձայի շրջանում։

ՋԱՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժին

 IMG_1454 IMG_1461 IMG_1474 IMG_1476

IMG_1487

Ջավախքի Խանդո գյուղում Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է կանգնեցվել

Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում ապրիլի 18-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար է կանգնեցվել:

Խանդոյին կհաջորդի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված եւս 6 խաչքարի բացում Ջավախքի Էխտիլա, Դադեշ, Ջիգրաշեն, Դիլիսկա եւ Վաչիան գյուղերում:

Օծվել է նաեւ Սուրբ Խաչ եկեցեցու նոր զանգը: Այն տեղադրելուց հետո Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 երիտասարդ ու պատանի խորհրդանշական 100 ղողանջ հնչեցրին եկեղեցու զանգակատնից:

Մանրամասները՝ տեսանյութում 

   

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Ջավախքի Խանդո, Էխտիլա և մի շարք այլ գյուղերում

Ապրիլի 18-ին Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում կատարվեց երկու պատմական իրադարձություն. օծվեց Սուրբ Խաչ եկեցեցու նոր զանգը և կանգնեցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի  հիշատակին նվիրված խաչքարը:

Խանդո գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց նոր զանգի օծման արարողություն ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի: Մանուկների ձեռքով հնչեցվեց նորաօծ կոչնակի 100 ղողանջները, որոնք խորհրդանշում էին Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այնուհետև խանդոցիները և հյուրերը քայլերթով շարժվեցին դեպի գյուղի այգի, որտեղ տեղադրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարը: Խաչքարի բացման արարողությանը ներկա էին ՋԱՀ-ի համահիմնադիր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՋԱՀ–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը,  ինչպես նաև տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ, մանկավարժներ և այլք:

Խաչքարի օծման սրբազան արարողության ավարտին ելույթով հանդես եկավ պատմաբան Աշոտ Մելքոնյանը. «Ջավախքցիներս երկու եղեռնագործություն ենք տեսել. մեկը 1918-ի մայիսին էր երիտթուրքերի կողմից, այն նույն երիտթուրքերի, ովքեր 1915-ին տնավեր էին արել մեր արևմտահայությանը, ապա երեք տարի անց մտել են նաև Ջավախք՝ մեզ արմատախիլ անելու: 80000-ից 40000 ջավախքցիներ, որ բռնել էին գաղթի ճանապարհը, այդ արշավանքի արդյունքում նահատակվեցին Բակուրիանի անտառներում և Ծալկայի շրջակայքում: Այսօր ուրախալի է, որ գոնե այդ 40000-ի հիշատակը մարմնավորված է նաև այս խաչքարի մեջ՝ մեկ ու կես միլիոն հայերի հետ մեկտեղ: 1921 թվականի փետրվարին Ախալքալաքի գավառը երկրորդ անգամ այսպիսի արհավիրքի ենթարկվեց արդեն քեմալականների կողմից: Նրանք ներխուժեցին Ջավախք դարձյալ հարավից, Գումբուրդո գյուղում մեր հայրենակիցները հերոսական դիմադրություն կազմակերպեցին, որից հետո օղակի մեջ վերցնելով գյուղացիներին, 200 երիտասարդների սրախողխող արեցին և լցրին ջրհորը»,- իր խոսքում նշեց պատմաբանը: «Ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր՝ «21-րդ դարը մերն է լինելու»: Մենք երբեք չենք խոնարհվելու, արժանապատվութունը վեր է մեզ համար ամեն ինչից, ահա այս արարողությունը դրա մի վկայությունն է: Սա իր մեջ պարունակում է շարունակականության խորհուրդ: Մենք հավերժ ենք, մենք երբեք չենք ընկրկելու, մենք երբեք չենք հանձնվելու, և այդ շարունակական խորհուրդը մենք պիտի ապրեցնենք, որովհետև այն մանուկները, որոնք հնչեցրին Սուրբ Խաչ եկեղեցու զանգը, այդ նույն զանգը մեկ ու կես հարյուրամյակ առաջ հնչեցնում էին Խաչկավանքում (խանդոցիների մի մասն արմատներով Խաչկավանքից է): Ահա այդ զանգը, որ պիտի հնչի՝ կհնչի նաև Խաչկավանքի Սուրբ Խաչ եկեղեցու փոխարեն», – եզրափակեց իր խոսքը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Միջոցառմանը խոսքով հանդես եկավ նաև ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը, ով կիսվեց իր մանկության հիշողություններով՝ կապված Խանդո գյուղի հետ, մտաբերեց իր մտքում դաջված գյուղի տան ծխնելույզները, օրեցօր զարգացող գյուղի պատկերը։ Նշելով Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը հայապահպանության գործում՝ Սոս Սահակյանը կարևորեց նաև մշակութային ոլորտի ուղղությամբ  տարվող աշախատանքները։ «2014 թվականին Վրաստանում կանգնեցվեց 4 հուշաքար, այս տարի խաչքարերը շուրջ մեկ տասնյակն էին. սա վկայում է այն մասին, որ ջավախքցիները ամուր կանգնած են իրենց հողի վրա, պատրաստ են արարել և թևակոխել զարթոնքի նոր շրջան՝ հանուն Ջավախքի և Վրաստանի»,- իր ելույթում նշեց Ս. Սահակյանը։

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը ևս դատապարտեց 20-րդ դարասկզբին հայ ազգի դեմ գործած ցեղասպանությունը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ ջավախահայությունը ևս, լինելով կոտորածներից վերապրած սերունդների ժառանգներ, իրենց բողոքի ձայնն  է բարձրացնում հանուն արդարության ու ճշմարտության:

Ապրիլի 19-ին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի  բացման արարողություն տեղի ունեցավ նաև Ախալքալաքի շրջանի Էխտիլա գյուղում։ Նախաձեռնողներն էին համանուն գյուղի զավակներ, ռուսաստանաբնակ գործարար-բարերարներ Ներսես, Նաիր, Հակոբ և Միսակ Դեմուրճյան եղբայրները։ Խաչքարը Ջուղայի ջարդված, ոչնչացված խաչքարերի կրկնօրինակն է:  Բարերար Ներսես Դեմուրճյանի խոսքով այս խաչքարով Էխտիլա գյուղի բնակչությունն աշխարհին ասում է. «Ինչքան էլ ջարդեք, ոչնչացնեք ու այրեք, միևնույն է՝ հայն իր մշակույթը, իր տեսակը ու ես-ն ապրեցնում է»:

Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման նմանատիպ միջոցառումներ են նախատեսված նաև Ջավախքի Դադեշ, Կուլիկամ, Ջիգրաշեն,  Դիլիսկա և Վաչիան գյուղերում:

Հուշաքարերի բացման արարողությունների լուսանկարները և տեսանյութերը հասանելի են կայքում։  Slaq.am լրատվական կայքի անդրադարձը միջոցառումներին կարող եք կարդալ այստեղ։

Նյութերը՝ http://akhaltskha.net/ և http://jnews.ge/ կայքերի։

ՋԱՀ-ի հասարակայության հետ կապերի բաժին

 

«Երկիր Զաբախա»` Հակոբ Կոջոյան

Հակոբ Կոջոյան (1883, դեկտեմբեր 13, Ախալցխա - 1959, ապրիլ 24, Երևան), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ:

Ալեքսանդր Թամանյանի հետ միասին, հեղինակն է Հայաստանի Հանրապետության զինանշանի (հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։

Մեծանուն նկարչի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին զրուցում ենք նկարիչ, ՀՀ Նկարիչների միության անդամ Վիկտոր Հովհաննիսյանի հետ:

Ռադիոհաղորդումը  կարող եք լսել այստեղ։