Մշակութային, սպորտային և կրթական անցուդարձ Ջավախքում

Նախորդ շաբաթվա վերջին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Ջավախքում կազմակերպեց և մասնակցեց մի շարք միջոցառումների: Հիմնադրամի պատվիրակության ուղեկցությամբ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղ մեկնեցին ՋԱՀ-ի բարերար և համակիր, Պերմի երկրամասի հայկական համայնքի փոխնախագահ Արմեն Ղարսլյանը և Ռուսաստանից ժամանած հյուրեր: Լինելով աշուղ Ջիվանու տուն-թանգարանի բարերար՝ Արմեն Ղարսլյանը առաջին անգամ այցելեց թանգարանի ցուցասրահ՝ ծանոթանալու մեծանուն աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաև հուշային հատվածում տարվող շինարարական աշխատանքներին: Հյուրերին թանգարանի բակում «աղ ու հացով» դիմավորեցին կարծախցի փոքրիկները և գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը: Բացման օրվանից  ի վեր տուն-թանգարանն ունեցել է շուրջ 1000 այցելու աշխարհի տարբեր երկրներից՝ դրանով իսկ զբոսաշրջիկների հոսք ապահովելով դեպի Կարծախ, կազմակերպել է տարբեր  մշակութային-կրթական միջոցառումներ, ինչն էլ իր հերթին աշխուժացրել է կարծախցիների կյանքն ու փոխել գյուղի ընդհանուր մթնոլորտը: Գյուղապետ Ատոմ Հողմացյանի խոսքով՝ հայրենի գյուղից դուրս ապրող բազմաթիվ կարծախցիներ սկսել են հաճախ այցելել գյուղ և վերականգնել իրենց տները, իսկ նրանցից մեկը սկսել է նաև հացատուն կառուցել: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը այս պահին ջանք չի խնայում, որպեսզի հուշային հատվածի բացումը լինի ընթացիկ տարվա օգոստոսի վերջին՝ ջիվանիական օրերի շրջանակներում, սակայն աշխատանքների ընթացքը կախված է նաև ֆինանսավորումից, ուստի նրանք, ովքեր ցանկություն ունեն աջակցել տուն-թանգարանի կայացմանը, կարող են դիմել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին: Ջավախքի՝ շաբաթվա կարևոր միջոցառումներից էր նաև Նինոծմինդայում արդեն 21-րդ անգամ անցկացվող Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարը՝ Արմեն և Թաթուլ Ղարսլյանների հովանավորությամբ: Վերջիններիս կողմից է վերականգնվել նաև քաղաքային մարզադաշտը: Այս տարի նաև առաջին անգամ ՋԱՀ-ը ՀՀ ԱԺ պատգամավոր, Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Արման Սահակյանի աջակցությամբ կազմակերպել էր մրցաշարի հանդիպման պրոֆեսիոնալ վարում: Մրցաշարին ներկա էին ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Սեյրան Վանցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Ջավախքի ղեկավար մարմինների և հոգևոր կառույցների ներկայացուցիչներ: Ամենամյա մրցաշարը նպաստում է Ջավախքում սպորտային կյանքի զարգացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը և երիտասարդների համախմբմանը: Շաբաթը ջավախքցիների համար կարևոր էր նաև կրթության տեսանկյունից: Նինոծմինդա էր այցելել Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը, որտեղ ՋԱՀ-ը հանդիպում էր կազմակերպել կրթության ոլորտի մասնագետների հետ: Համալսարանի ներկայացուցիչները մասնագետներին ներկայացրեցին ջավախքցի ուսանողների համար իրենց մոտ առաջարկվող գրավիչ պայմանները՝ վրացերենի դասավանդում, անվճար ուսում, նոր վերանորոգված հանրակացարան և այլն:

«Երկիր Զաբախա»՝ Ստեփան Մալխասյանց

Գրքի հանդեպ սեր տածող յուրաքանչյուր հայ մարդու տանը կարելի է տեսնել «Հայերեն բացատրական բառարան» քառահատոր ստվարածավալ բառարանները, որոնց հեղինակն է հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր Ստ. Մալխասյանցը (1857 - 1947): Նա նաև հանդիսանում է Մ. Խորենացու «Հայոց պատմության», որը հիրավի կարելի է համարել հայոց անձնագիրը, լավագույն մեկնիչն ու աշխարհաբար թարգմանիչը:

Ախալցխայի ծխական դպրոցի, այնուհետև՝ Ախալցխայի ռուսական գավառական դպրոցի,  1874-ից՝ Վաղարշապատի Գևորգյան ճեմարանի, 1878-ից` Սանկտ Պետերբուրգի Կայսերական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի սան, Քերովբե Պատկանյանի, Նիկողայոս Մառի, Նիկողայոս Ադոնցի, Օրբելու աշակերտ, Ախալցխայի Կարապետյան վարժարանի ուսուցիչ, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ուսուցիչ և տեսուչ, Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչ, Ախալցխայի քաղաքային գիմնազիայի տեսուչ, Ախալցխայի նշանավոր Մալխասյանցների տոհմի ներկայացուցիչ Ստ. Մալխասյանցի գիտակցական ողջ կյանքը շաղկապված է հայագիտության, բառարանագրության, ուսուցչության, հայ բանասիրության, գրաբարագիտության ու լեզվաբանության հետ:

Ստ. Մալխասհանցի ելույթը ՀՀ խորհրդարանում մեծապես օգնեց անկախ Հայաստանի (1918 – 1920) պետական դրոշի գույների ընտրության հարցում։

1920 թվականի փետրվարի 1-ին նորաբաց Երևանի Պետական Համալսարանում նրան շնորհվել է առաջին հանդիսավոր դասախոսությունը կարդալու պատվավոր իրավունքը:

Ստ. Մալխասյանցի ստեղծագործությունների գլուխգործոցն է հանդիսանում քառահատոր «Հայերէն բացատրական բառարանը», որը դարերի պատմություն ունեցող հայ հարուստ բառարանագրության մեջ նախորդը չունեցող կոթողային աշխատություն է։ Բառարանը, ըստ Մալխասյանցի, ազգի քաղաքակրթության վկայությունն է։

Բառարանը լույս տեսավ Մեծ հայրենականի տարիներին և արժանացավ Խորհրդային Միության Ստալինյան (հետագայում՝ Պետական) մրցանակի։ Բառարանի տպագրման դժվարին գործին այդ ծանր շրջանում մեծապես աջակցել է Ստ. Մալխասյանցի աշակերտ և մեր օրերում քննադատվող Անաստաս Միկոյանը, որի կողմից Մոսկվայից ուղարկված շուրջ 20 վագոն որակյալ թուղթը ծառայել է կոթողային բառարանի 4 գրքերի տպագրմանը:

Ցավոք, մինչ օրս գոյություն չունի Ստ. Մալխասյանցի հայագիտական գործերի համահավաք հրատարակություն. նրա գործերը սփռված են գիտական մի շարք հանդեսներում, մամուլում և այլ տեղերում:

Ստ. Մալխասյանցի հիշատակը հավերժացնելու կարիք կա նաև նրա Հայրենի Ախալցխայում:

Ստ. Մալխասյանցի կյանքի և գիտական ժառանգության մասին զրուցում ենք «Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ալբերտ Իսոյանի հետ:

Ռադիոհաղորդումը կարոք եք լսել այստեղ:

«Երկիր Զաբախա»՝ Ավթանդիլ Պալյան

Ջավախքը բանաստեղծների մայրցամաք է: Ջավախքն էն աշխարհն է, որտեղից երևում են աշխարհի բոլոր ծայրամասերը, երևում են նաև մարդկային բոլոր հոգևոր տարածքները, մանավանդ` հայկականը: Այս մայրցամաքի Բուղաշեն գյուղի ծնունդ է (ծնվել է 1939 թ.) նաև բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի Գրողների և Ժուռնալիստների միության անդամ, «Պիոներ կանչ» և «Ծիթելի դրոշա» (Կարմիր դրոշ, Ախալցխա), «Հայ գրող» և այլ պարբերականների աշխատակից Ավթանդիլ Պալյանը: Բազմաթիվ ստեղծագործությունների շարքում մեծ տեղ են գրավում Հայրենի Ջավախքին նվիրված նրա գործերը («Իմ սեր, իմ Ջավախք» (Երևան, 1990), «Ջավախք աշխարհ, հուսո նշխար» (Երևան, 1999)), ինչն էլ լիարժեքորեն հիմք է ծառայում, որպեսզի Ավթանդիլ Պալյանին համարեն Ջավախքի երգիչ: Նա նույնիսկ սիրո մասին գործերի, քնարերգության, խոհափիլիսոփայական բանաստեղծությունների մեջ զարմանալի կերպով նորից խոսում է Ջավախքի մասին: Այդպիսի ջավախքյան հորիզոն կար Ա. Պալյանի մեջ, որը սահման չուներ: Վաղուց ժամանակն է, որ ի մի բերվեն, մշակվեն և առանձին հատորներով հրատարակվեն Ավթանդիլ Պալյանի նամակները, հրապարակախոսական, գրական, խոհափիլիսոփայական ու այլ ժանրի գործերը: Տարբեր տարիներին լույս տեսած գրքերից են՝ «Բարի հետք» (Երևան, 1988), «Դառը մեղր» (Երևան, 1989),  «Կապույտ հոգսերի մոմեր» (Երևան, 2003) և այլն: Այն, ինչ որ կերտել է Ա. Պալյանը, զուլալ է, ինչպես Ջավախքի ջրերը, բարձր է, ինչպես Աբուլը, անզուգական է, մարդկային, ինչպես ջավախքցիները: Այսօր ջավախքցու լինելիության համար առաջին պայմանը ոչ թե կենցաղային շքեղություններով զարդարվելն է, այլ ինքնաբացահայտման ճանապարհով անցնելը: Ավթանդիլ Պալյանի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնում է նրա մտերիմ գրչընկերներից, Հայաստանի գրողների միության անդամ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Բագրատ Ալեքյանը:

Քե՛զ, իմ Ջավախք   Արևը քո՝ իմն է, իմը՛, Կամարը քո՝ իմն է, իմը… Իմը՛, իմն են շաղերը քո, Իմը՛, իմն են տաղերը քո…   Ծաղկած ծառդ իմն է, իմը՛, Մամռոտած քարդ իմն է, իմը… Իմը՛, իմն են պաղ ջրերդ, Իմը՛, իմն են մո՛վ հովերդ…   Թոնրիդ ծուխը իմն է, իմը՛, Սուրբ հացթուխդ՝ իմն է, իմը՛, Իմը՛, իմն են խաչքարերդ, Իմը՛, իմն են քաջ այրերդ…   Ծեր Աբուլն էլ ի՛մն է, իմը՛, Փարվանան էլ իմն է, իմը՛… Իմը՛, իմն են ցավդ ու հուրդ, Իմը՛, իմն են կուռդ ու թուրդ…   Ավթանդիլ Պալյան Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ:

«Երկիր Զաբախա»՝ Լուսինե Զաքարյան

Կյանքի հետաքրքրական ուղի է անցել ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Լուսինե Զաքարյանը (1 հունիսի, 1937, Ախալցխա – 30 դեկտեմբերի, 1992, Երևան): Հայրենի Ախալցխայում անցկացրած նրա մանկության, արմատների, պատանեկության և կյանքի հետագա ուղու հետաքրքրական էջերի մասին իր հուշերն է ներկայացնում լեգենդար երգչուհու հայրենակից, Ախալցխայի Ծուղրութ գյուղի զավակ, երգիչ, Երևանի Պեյո Յավորովի անվան №131 հիմնական դպրոցի երկարամյա տնօրեն Գրիգոր Սաֆարյանը:

Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ:

Լյուբա Մաթեւոսյանի նոր գիրքը` նվիրված 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանությանը

22Հարգարժան տիկին Մաթևոսյան, ի սրտե շնորհավորում ենք Ձեզ՝ հերթական գրքի ծննդյան առիթով, շնորհավորում ենք ոչ միայն Ձեզ, այլև ողջ գրքասեր ու հայրենատենչ ջավախքահայությանը: Մենք լավագույնս գիտակցում ենք, որ հանձինս Ջավախքում ապրող հայության՝ մշակութաստեղծ յուրաքանչյուր ժողովրդի համար առավել հաճելի նվեր, քան գիրքը, դժվար է պատկերացնել: Իսկ եթե տվյալ գիրքն առնչվում է հայրենի եզերքի պատմությանն ու անցյալի հերոսական էջերին, ապա յուրաքանչյուր ջավախքցու համար այն վերածվում է սրբազան մասունքի: Հավատացած ենք, որ Ձեր գրքին ևս սպասվում է այդ ճակատագիրը:

Ջերմ բարեմաղթանքներով՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունում տեղի ունեցավ Լյուբա Մաթեւոսյանի գրքի շնորհանդեսը նվիրված 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանությանը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Երկիր Զաբախա»` Կարապետ Չոբանյան

Եռակցման կարի գերբեռնվածության պատճառով աշխարհում տեղի են ունեցել մի շարք խոշոր փլուզումներ. 1. 1939 թ.-ին Գերմանիայում փլվել է Բեռլինի Դյուսելդորֆի մեծ կամուրջը: 2. 1940 թ.-ին Բելգիայում նույն ճակատագրին է արժանացել Ալբերտա ջրանցքի վրայով գցված կամուրջը: 3. 1945 թ.-ին Ամերիկայում, Ֆլորիդայի շրջակայքում, գրեթե ջրարկման պատրաստ «Լիբերտի» նավը կիսվել է երկու մասի: Նույն թերությունների պատճառով 1943-1945 թթ.-ին աշխարհում խորտակվել է 4 նավ: 4. 1951 թ.-ի հունվարի 31-ին, շահագործումից 4 տարի անց, փլվել է Կանադայի Քվեբեկ քաղաքի կամուրջը` ընդամենը 1 ավտոմեքենայի ծանրությունից:

Ջավախքի հանրահայտ Կարծախ գյուղի զավակ, մեծանուն գիտնական Կարապետ Չոբանյանի (1927 թ. Ախալքալաքի Կարծախ գյուղ -1978 թ. Ուկրաինա (աճյունն ամփոփված է Երևանում)) անունը` 1968 թ. արված «Թերլարվածության երևույթի» հայտնագործությամբ Հայաստանից առաջինն է գրանցվել ԽՍՀՄ հայտնագործությունների գրանցամատյանում, որպես նշյալ գյուտի հեղինակի: Սակայն Չոբանյանի գյուտն իր առանցքային խոշոր նշանակության հետ մեկտեղ հաստատման հարցում ունեցավ դժվարին ճակատագիր և հեղինակը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի Գյուտերի և հայտնագործությունների գործերի պետական կոմիտեից իր «Ծանրաբեռնված բաղադրյալ մարմնի միացման մակերևույթի եզրի թերլարվածության երևույթը» վերտառությամբ հայտնագործության դիպլոմն ստացավ ուղիղ 10 տարի անց` 1978 թ.:

Կ. Չոբանյանի հայտնագործությամբ գիտության պատմության մեջ առաջին անգամ պետականորեն արձանագրվեց բաղադրյալ մարմնի միացման մակերևույթի եզրի լարվածության փոքրացման երևույթը` մարմինը կազմող տարասեռ բաղադրիչների (տարրերի) երկրաչափական պարամետրերի և նրանց առաձգականության հաստատությունների մեծություններից կախված: Այսինքն` որոշակի պարամետրեր ապահովելու դեպքում առաջանում է թերլարված վիճակ, որը բացառում է միացման եզրերի շրջակայքում վտանգավոր ճեղքերի գոյացումը և բարձրացնում կառուցվածքի թրթռումային (վիբրացիոն) ամրությունը:

Ոլորտի խորագիտակները շատ արագ հասկացան, որ կատարվածն իրոք հայտնագործություն է և կարող է խոշոր տնտեսական նշանակություն ունենալ: Ուկրաինական ԽՍՀ և մերօրյա Ուկրաինայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Բ. Ե. Պատոնն այդ մասին ասել է. «Չոբանյանի կողմից հայտնաբերված թերլարվածության երևույթը (որոշակի պայմաններում)` բաղադրյալ մարմնի միացման մակերևույթի եզրում նոր, մինչև այժմ անհայտ օբյեկտիվ երևույթ է` պայմանավորված բաղադրիչների առաձգական հատկությունների տարբերությամբ և նրանց զուգորդման որոշակի կոնֆիգուրացիայով: Այդ երևույթի հայտնաբերումը մեծ հիմնախնդրական նշանակություն ունի: … Եվս մի սպիտակ կետի բացահայտում է, որը կնպաստի տեխնիկայի առաջընթացին»: Իսկ Թիֆլիսի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի ճարտարագիտական և ֆիզիկական խնդիրների բաժնի վարիչ, ամբարտակաշինության մասնագետ Ա. Ռ. Խվոլեսը գրում է. «Ձեզ հաջողվել է կատարել այդ երևույթի մաթեմատիկական մոդելավորում և դրա շնորհիվ հայտնաբերել այնպիսի տարբերակ, որի դեպքում լարվածությունը կցվանքատեղում նվազում է: Եվ այսպես, կարելի է ստեղծել գերամուր կոնստրուկցիաներ: Ես կարծում եմ, որ Ձեզ լավագույնս կհաջողվի Ձեր տեսությունը մոտեցնել ամբարտակաշինության պրակտիկային, հատկապես ամբարտակը լեռնային ապարների հետ կցվող տեղերը հետազոտելիս: Ցանկանում եմ ՀԽՍՀ ԳԱ Հաշվողական կենտրոնին, ԵՊՀ-ին, ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի իմ թանգակին բարեկամներին շնորհավորել ձեր հանրապետությունում կատարված հայտնագործության համար առաջին դիպլոմն ստանալու առթիվ» («Սովետական Վրաստան», 1.05.1978, N 52 (11998)):

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանը 2009 թ. ընթերցողների սեղանին է դրել «Մի հայտնագործության պատմություն» գիրքը, որտեղ ի մի են բերված բոլոր այն փաստաթղթերը, հուշերն ու նյութերը, որոնք պատմում են մեծանուն գիտնականի անցած բեղմնավոր, միաժամանակ` դժվարին ու կյանքի համար անդառնալի հետևանքներ ունեցած ուղու մասին: Հենց ինքը` Հովհաննես Այվազյանն էլ «Լրատվական» ռադիոյի տաղավարում ներկայացնում է Կարապետ Չոբանյան գիտնականի, գյուտարարի, մեծ հայի ու նվիրյալ գործչի կերպարը:

Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ:

Կարինե Խոդիկյանի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Մեկ ժամ հիշողություն» պիեսի շնորհանդեսը Հ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում

Հ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում երեկ՝ սեպտեմբերի 17-ին, տեղի ունեցավ ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Մեկ ժամ հիշողություն» պիեսի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը: Մարդկային հոգու խորքերը թափանցելու և մարդկային ապրումները պատկերելու Կ. Խոդիկյանի բացառիկ ունակությունները, ինչպես նաև բեմադրիչ Վահե Շահվերդյանի բարձր արվեստն ու անուրանալի վարպետությունը հանդիսատեցին տեղափոխեցին 1915 թվական, Էրզրում: Պիեսում ներկայացվում է ցեղասպանված մի ընտանիքի պատմություն, բայց գործողությունը կատարվում է իրականի ու երևակայականի սահմանագծում, 21-րդ դարն ու 1915-ը խաչաձևվում են էրզրումյան, այլևս գոյություն չունեցող տան պատերի ներսում։ «Մեկ ժամ հիշողություն» պիեսում առանց արյունոտ և դաժան դրվագների, սակայն ամենայն հանգստությամբ, խորությամբ ու կսկիծով է ներկայացվում հայ մարդու ճակատագիրը: Երբեմն այդ կարծեցյալ հանգստության հետևում է քողարկած իսկական ողբերգությունը: Պիեսը ևս մեկ փորձ էր նայելու պատմության աչքերին, վերագտնելու ինքներս մեզ և ներկայանալու աշխարհին նոր պահանջատիրությամբ: «Մեկ ժամ հիշողություն» պիեսն ոչ միայն հուզեց Վանաձորի պահանջկոտ հանդիսատեսին, այլև ընդունվեց մեծ գնահատանքով և հիացմունքով, որի ապացույցն էին չդադարող ծափահարությունները:

13 14

Ավարտվեց գրաֆիտիի տասնօրյա փառատոնը Ջավախքում

Սեպտեմբերի 10-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության գրասենյակում տեղի ունեցավ ս/թ սեպտեմբերի 1-10-ը իրականացված «Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտիի փառատոնի փակման արարողությունը, որին ներկա էին Ջավախքի շրջանային իշխանությունների ներկայացուցիչները, Հայաստանից և Թբիլիսիից ժամանած հյուրեր, մտավորականներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ և այլք: Ներկաները ծանոթացան փորձառու մասնագետների կատարած գրաֆիտապատ աշխատանքներին, ցուցադրվեց փառատոնի վերաբերյալ ֆիլմ: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրեց ծրագրի ողջ ընթացքը և հաշվետվությունը: Հաջորդիվ իրենց խոսքն ասացին ՋԱՀ-ի համահիմնադիր և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Տեր Տաթև քահանա Մարուքյանը, «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Ղարիբյանը, ովքեր մեծ դրվատանքով և գոհունակությամբ արտահայտվեցին ծրագրի վերաբերյալ՝ կարևորելով վերջինիս դերը ջավախքյան կյանքին աշխուժություն և քաղաքին գրավչություն հաղորդելու գործում: Ներկաների պնդմամբ «Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտիի փառատոն ծրագիրը յուրօրինակ միջոց է ներկայիս սերնդի և մեծերի միջև հոգևոր կապը վերստեղծելու ուղղությամբ: Ծրագիրն իր տեսակով նորարարություն էր ջավախքյան իրականության մեջ՝ հատկապես մշակույթի ոլորտում և երիտասարդական ասպարեզում: Խանդավառությունը մեծ էր հատկապես ջավախքցի երիտասարդների մոտ, ովքեր ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեցան ծանոթանալ և տիրապետել կերպարվեստի այս նոր ուղղությանը, ինչպես նաև շփվել այլ բնակավայրերից ժամանած իրենց գործընկերների հետ: Հիշեցնենք, որ «Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտիի փառատոն ծրագիրն իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Ախալքալաքի «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Արմսվիսբանկ» (հայ-շվեյցարական բանկ) ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի գործընկերներն են Ախալքալաք և Նինոծմինդա շրջանների տեղական իշխանությունները, ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդությունը, Ախալքալաք, Ախալցխա և Նինոծմինդա քաղաքների երիտասարդական կենտրոնները, Նինոծմինդա քաղաքի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնը և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈւՀԿ-ն, «Բլիք» շրջանակների և նկարչական պարագաների խանութ-սրահը և Մանուկյաններ ԱԱԱ ՍՊԸ-ն: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև փորձի փոխանակմանը, Ջավախքի հոգևոր-մշակութային կյանքի, ինչպես նաև հայ-վրացական երիտասարդական համագործակցության բարելավմանը: Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 1-10-ը ՀՀ-ից և Վրաստանից ընտրված ազգությամբ հայ և վրացի 20 նկարիչ-մասնագետներից բաղկացած խումբը արվեստի, մշակույթի և գեղարվեստի ոլորտների շուրջ 100 երիտասարդների հետ համատեղ Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքների շինությունների վրա պատկերել են հայ և վրացի մեծանուն արվեստագետների, պոետների, գործիչների դիմանկարներ, խաղաղության և բարեկամության խորհրդանիշեր: Այսուհետ Շառլ Ազնավուրը, Դերենիկ Դեմիրճյանը, Մհեր Մկրտչյանը, Վախթանգ Կիկաբիձեն, Նոդար Դումբաձեն, Շոթա Ռուսթավելին, Վահան Տերյանը, Մկրտիչ Սարգսյանը, Ջիվանին, Հավասին և այլք կդառնան Ախալքալաքի և Նինոծմինդայի մշտական բնակիչներ, քաղաքներն էլ այցելուների համար կդառնան առավել հրապուրիչ և ակնահաճո: Բնակիչների համոզմամբ գրաֆիտապատ հատվածներն արդեն համարվում են քաղաքի տեսարժան վայրերից: Ծրագրին մասնակից շուրջ 20 երիտասարդների համար Ախալքալաքում անցկացվել է նաև մասնագիտական սեմինար-թրեյնինգ, իսկ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին տեղի էին ունենում մասնագիտական քննարկումներ, ֆիլմի դիտումներ: Ծրագիրը բացառիկ հնարավորություն ընձեռեց հայ և վրացի երիտասարդներին շփվել միմյանց հետ, ձեռք բերել թիմային աշխատանքների փորձ, փոխանակվել իրենց մասնագիտական հմտություններով և փորձով, ինչպես նաև նորովի նայել գեղարվեստին, անմիջականորեն ծանոթանալ գրաֆիտիի նրբություններին ու առանձնահատկություններին և դիտարկել այն որպես մշակույթի յուրօրինակ ձև: ՋԱՀ-ը շարունակելու է ինչպես այս ծրագրի, այնպես էլ մշակույթի զարգացմանն ուղղված այլ ծրագրերի իրականացումը Ջավախքի բնակավայրերում:

ՋԱՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժին

2 4 5 6

7 9 22 18

25 19 28 30

31 21