«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի մեկնարկը Հայրենի Ջավախքում

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը 2014 թ. սկզբին հաստատել և իրականացնում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որի առաջին բաղադրիչով Ջավախքի (Սամցխե-Ջավախք  և Քվեմո Քարթլի նահանգների) ընտանիքներում ծնված յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխային հատկացվում է պարգևավճար: Ծրագրի երկրորդ բաղադրիչից օգտվում են նաև Ջավախքի այն ընտանիքները, որոնց հարկի տակ 2014 թ. հունվարի մեկի դրությամբ ապրում են 6 և ավելի երեխաներ:

Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի ապրիլյան օրերին, երբ Ջավախքում ևս տեղի էին ունենում հիշատակի և ոգեկոչման արարողություններ, որպես հառնումի և վերընձյուղման խորհրդանիշ, տեղի ունեցավ ՋԱՀ-ի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի մեկնարկը: Այս և Ջավախքում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարերի բացման արարողություններին մասնակցելու նպատակով 2014 թ. ապրիլի 21-23-ը Հայրենի Ջավախքում էին ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամներ Սոս Սահակյանը, Սերգեյ Վանցյանը, Արմեն Ղարսլյանը, Քաջավան Նուրիջանյանը, Արման Սահակյանը, Գարեգին Խումարյանը (հոգաբարձուների խորհրդի անդամ Կորյուն Խումարյանի որդին), ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, անվանի մտավորականներ, հյուրեր ՌԴ-ից, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Հ. Հովհաննիսյանը և այլք:

Առաջին կանգառը Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղն էր, որտեղ տոնական ըմբշամարտի մրցույթի ժամանակ տեղի ունեցավ ՋԱՀ-ի նվիրատվության արարողությունը Բաբաջանյանների ընտանիքին: Բաբաջանյանների ընտանիքում այս տարի ծնվել էր երրորդ երեխան՝ Անին, ինչի համար երեխայի հայրը ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Սոս Սահակյանից ստացավ 1000 լարի գումար:

Բարերար Սոս Սահակյանը իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Ծղալթբիլայի գործարարները, ովքեր ուշադիր հետեւում են գյուղի անցուդարձին, այս նախաձեռնությամբ ավելի են ոգեւորվելու: Նա նաեւ նշեց, որ առաջին անգամ իրականացվող տվյալ ծրագրի խորհրդանշական մեկնարկը տրվում է Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից:

Երեխայի հայրը նման հրաշալի նվերի համար իր խորին շնորհակալությունը հայտնեց ՋԱՀ-ի բոլոր բարերարներին:

Ծրագրի իրականացման հաջորդ կանգառը Սամցխե-Ջավախքի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղն էր, որտեղ տեղի ունեցող հուշաքարի բացման արարողության ժամանակ իրականացվեց նաև ՋԱՀ-ի նվիրատվության արարողությունը: Հարկ է նշել, որ այս գյուղում եղան օգտվողներ ծրագրի թե՛ առաջին, թե՛ երկրորդ բաղադրիչներից. թե՛ Սամվել Քերոբյանի ընտանիքը, որտեղ ծնված նորածինը` Մուրադը, թվով երրորդ երեխան էր և թե՛ Արմենակ Թորոյանի ընտանիքը, որտեղ լույս աշխարհ էին եկել և միևնույն հարկի տակ ապրում էին 6 երեխաներ, ՋԱՀ-ի գործադիր տնօրինության աշխատակիցներից ստացան ծրագրով իրենց հատկացված պարգևավճարը: “Ջավախքի Զեյթունը”` պատմական Դամալան, այդ օրը խաչքար-հուշարձանի տեսքով հավերժացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իր մեջ գիտակցեց նաև վերստին աճելու, կազմավորվելու, հայրենի անկյունում հայաշունչ ծուխը մշտավառ պահելու կարևորությունը:

Նույն օրը` ապրիլի 22-ին, մարդաշատ էր նաև վերջերս հիմնված Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային երիտասարդական կենտրոնի դահլիճը. Նինոծմինդայի շրջանի ղեկավարության, մշակութային կենտրոնի պատասխանատուների, լրատվամիջոցների ներկայությամբ և Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության ու “Սուրբ Սարգիս” եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի օրհնությամբ տեղի ունեցավ 2014 թ. առաջին եռամսյակին երրորդ երեխա լույս աշխարհ բերած 4 ընտանիքների նվիրատվության արարողությունը: Ընտանիքներից 2-ը Հեշտիա գյուղից էին, մեկը` Գանձայից, մյուսը` Օրոջալար գյուղից: Իրենց խոսքում և՛ ծնողները, և՛ կենտրոնի ղեկավար Գ. Սնխչյանը, և՛ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Հ. Հովհաննիսյանը (ով, ի դեպ, ծնունդով նույն Գանձա գյուղից է) մեծապես կարևորեցին նշյալ ծրագրի իրականացումը:

Ջավախքի Նինոծմինդա քաղաքը հյուրառատ էր նաև միջոցառման հաջորդ օրը` ապրիլի 23-ին: Նույն օրը քաղաքի մշակույթի տան բակում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, որը տեղադրվել է ջավախահայ հայտնի բարերար, “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, ռուսաստանաբնակ Արմեն Ղարսլյանի կողմից:

Ջավախք այցի վերջին օրը ՋԱՀ-ը նվիրատվություններ իրականացրեց ևս երկու շրջաններում` Ախալքալաքում և Ծալկայում: Ախալքալաքում ևս, ինչպես Դամալայում, ծրագրի երկրորդ բաղադրիչով պարգևավճար ստացավ Բեժանո գյուղի բնակիչ, իրապես հերոս հայր Աշոտ Խուդավերդյանը, որի ընտանիքում, միևնույն տանիքի տակ ապրում են 9 երեխաներ: Մեծ էր բոլորի խանդավառությունը, երբ իր շնորհակալական խոսքի մեջ Ա. Խուդավերդյանը խոստացավ ունենալ ևս մի քանի երեխա: Ծրագրի առաջին բաղադրիչով (3-րդ և ավելի երեխա) նույն շրջանում պարգևավճար ստացան ևս 9 ընտանիք: Հավելենք, որ շահառու ընտանիքներից մեկը հայ-վրացական էր. Ախալքալաքի շրջանի Մուրճախեթ գյուղի բնակիչ Վասիլի Ճիլաձեի և Օլգա Մանուկյանի կազմած ընտանիքը ևս շահառուների ցուցակում էր: Նվիրատվության արարողությանը ներկա էր Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մարուքյանը, Ախալքալաքի շրջանի ղեկավարությունը` Հ. Մովսիսյանի և Է. Աղասարյանի գլխավորությամբ, շրջանային վաչության այլ ոլորտների աշխատակիցներ,  հյուրեր  ՀՀ-ից և այլք:

ՋԱՀ-ի ներկայացուցիչների հաջորդ և վերջին կանգառը Ծալկայի շրջանն էր, որի Նարդևան և Ղուշչի գյուղերում 2014 թ. առաջին եռամսյակում երրորդ երեխա ծնած 2` Գուրգենյանների և Միքայելյանների ընտանիքներում ևս հնչեցին օրհնանքի խոսքեր` ուղղված ՋԱՀ-ի բարերարներին: Նվիրատվության արարողություններին իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որի օրհնությամբ և ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանի ներկայությամբ ընտանիքներն նշյալ ընտանիքներն ստացան իրենց հատկացվող օժանդակությունը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչություն

«Հայ անպարագիծ ոգին… Ջավախքից Արցախ» խորագրով ներկայացում-միջոցառում

Dproc 2Տեղեկացնում ենք, որ ս/թ մայիսի 7-ին, ժամը 1100 – ին, Երևանի թիվ 181 հիմնական դպրոցում տեղի է ունենալու «Հայ անպարագիծ ոգին... Ջավախքից Արցախ» խորագրով ներկայացում – միջոցառումը, որը նվիրված է գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ խորհրդական Գուրգեն Դալիբալթայանին և մայիսյան հաղթանակներին: Միջոցառմանը ներկա են գտնվելու գեներալ-գնդապետ Գ. Դալիբալթայանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՊԻ տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՊՆ աշխատակազմի, գիտական, հասարակական և զինվորական ոլորտի ներկայացուցիչներ:

Հասցե` ք. Երևան, Հարավարևմտյան Բ1 թաղամաս, Բաբաջանյան 4

Հեռախոս` 094-22-58-00

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն Դամալա գյուղում

Ապրիլի 22-ին՝ անձրևոտ մի օր, Ջավախքի հայկական Դամալա գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն: Պատմական, անմոռանալի և միևնույն ժամանակ պատասխանտու օր դամալացիների համար, վերջապես կատարվեց գյուղացիների վաղեմի երազանքը՝ իրենց գյուղում տեսնել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շուրթերից հնչում էր Սևակ, Կոմիտաս ու Չարենց…

Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ և տարածաշրջանում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա հայերի մասնակցությամբ կատարվեց խաչքարի օծման կարգ:

Խաչքարի բացմանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր հայաշատ վայրերից:

Կցված նկարներ՝

  1 2 4 6

5 7 8 9

Աջակցություն Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բազմազավակ ընտանիքին

 Ապրիլին 21-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում տոնական ըմբշամարտի մրցույթի ժամանակ տեղի ունեցավ նորաստեղծ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նվիրատվության արարողությունը Բաբաջանյանների ընտանիքին: Բաբաջանյանների ընտանիքում այս տարի ծնվել էր երրորդ երեխան՝ աղջիկ՝ Անի անունով, ինչի համար երեխայի հայրը «ՋԱՀ»-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սոս Սահակյանից ստացավ 1000 լարի գումար:

Բարերար Սոս Սահակյանը իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Ծղալթբիլայի գործարարները, ովքեր ուշադիր հետեւում են գյուղի անցուդարձին, այս նախաձեռնությամբ ավելի են ոգեւորվելու: Նա նաեւ նշեց, որ տվյալ ծրագիրը առաջին անգամ է իրականացվում, եւ այն սկսվում է Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից:

Երեխայի հայրը իր խորին շնորհակալությունը հայտնեց բարերար Սոս Սահակյանին եւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին նման հրաշալի նվերի համար:

31512984 81754587 Տեսանյութը կարող եք դիտել  այստեղ։

Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին

        «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ:

  • 1-ին բաղադրիչով, սկսած 2014 թ. հունվարի 1-ից, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներում ծնվող յուրքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին տրամադրվում է պարգևավճար։  
  • 2-րդ բաղադրիչով  Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներին, որոնք 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն 6 և ավելի երեխաներ, տրամադրվում է պարգևավճար:

       Նշյալ չափորոշիչներին համապատասխանող ընտանիքները կարող են Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.

  1. ծնողների անձնագրերի պատճենները,
  2. ծնողների ամուսնության վկայականի պատճենը,
  3.  երեխայի ծննդյան վկայականի պատճենը (2-րդ բաղադրիչի դեպքում անհրաժեշտ չէ),
  4. նախորդ երեխաների (2-րդ բաղադրիչի դեպքում՝ բոլոր երեխաների) ծննդյան վկայականների պատճենները, 
  5. երեխայի ծնողներից որևէ մեկի անունով որևէ բանկում բացված հաշվի ռեկվիզիտները։