«Երկիր Զաբախա» Վարդգես Սուրենյանց

Shushanik3

Վարդգես Սուրենյանց. թե ինչպես ախալցխացի 7-ամյա մանուկը տեղափոխվեց Ղրիմ, հանդիպեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հ. Այվազովսկուն, ստացավ ուսումնառություն, ճանապարհորդեց Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներում, իր պատմական հայրենիքում զգաց սեփական մշակույթի խորությունն ու մեծությունը և իր կտավներում կերտեց հայոց պատմությունը: Ախալցխայի փոքրիկ փողոցից սերված աշխարհահռչակ նկարչի կյանքի և գործունեության շուրջ զրուցում ենք արվեստաբան, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Շուշանիկ Զոհրաբյանի հետ:

«Լրատվական ռադիոյի» և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համատեղ ծրագիրը

ZABAXA
Երկիր Զաբախա. փոքրիկ երկրի մեծ մարդիկ....

Հարգելի բարեկամներ, այսուհետ ամեն հինգշաբթի, ժամը 16.20 (կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 12.20) Լրատվական ռադիոյի եթերում (FM 106.5) կարող եք լսել <Երկիր Զաբախա> հաղորդումը, որի յուրաքանչյուր հաղորդում նվիրված է լինելու Ջավախքի մեծերից մեկի կյանքի և գործունեության լուսաբանմանը:

Բացի նշյալ հաճախականությունից, հաղորդումները ցանկացած պահի կարող եք ունկնդրել նաև Լրատվական ռադիոյի կայքում՝ www.lratvakan.am հասցեով մտնելով <Հաղորդումներ> բաժնի <Երկիր Զաբախա> ենթաբաժինը:

Առաջին հաղորդումը նվիրված է Ախալցխայի Ծղալթբիլա գյուղից սերված, անվանի հայագետ, բանասեր, բանագետ, աբովյանագետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսների (սկսած Վազգեն Առաջինից) երկարամյա խորհրդական, շուրջ 3 տասնամյակ Մ. Աթոռ Սբ. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Պիոն Հակոբյանին:

 

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ծրագրել է Ղազարոս Տեր-Գրիգորյանի (Վահան Տերյանի եղբոր) երկերի ժողովածուի տպագրությունը

Javakheci

Պատմական գիտությունների թեկնածու, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Սարգսյանի բազմամյա աշխատանքի արդյունքում հրատարակության է պատրաստել Վահան Տերյանի եղբոր՝ հայ անվանի գյուղագիր Ղազարոս Տեր-Գրիգորյանի (Ջավախեցի)  երկերի ստվարածավալ ժողովածուն: Կից գրությամբ ներկայացնում ենք գրքի տպագրման կապակցությամբ Վ. Սարգսյանի դիմում-առաջարկը:

 

Հարգանքներով` ՋԱՀ-ի գործադիր վարչություն

 

Սիրելի հայրենակից, տողերիս հեղինակի կողմից իրականացրած երկարատև պրպտողական աշխատանքներից հետո պատրաստ է տպագրության հայ անվանի գյուղագիր, մտավորական, ուսուցիչ, քահանա Ղազարոս Տեր-Գրիգորյանի (առավել հայտնի է Ջավախեցի անվամբ) երկերի ստվարածավալ ժողովածուն: Ջավախեցին հայ մեծատաղանդ բանաստեղծ Վահան Տերյանի ավագ եղբայրն է: Գիրքը նվիրված է Ջավախեցու (1874-1937) ծննդյան 140 ամյակին և ներկայացնում է նրա կողմից տարբեր տարիներին տպագրված հոդվածները, գիրք-գրքույկները, նամակները, հեռագրերն ու թղթակցությունները, առանձին բաժնով զետեղված են նրա կողմից կատարված թարգմանությունները: Նյութերը հիմնականում առնչվում են 19-րդ դարավերջի և 20-րդ դ. սկզբներին հայ գյուղացիությանը (Ջավախքի գյուղացիության օրինակով), եկեղեցական-քահանայական խնդիրներին, կրթական, լուսավորչական, ուսուցչական ոլորտի հարցերին, տիրող ցարական կարգերին: Գրքում ներկայացված են հեղինակի՝ Ջավախքի Գանձա գյուղում անցկացրած մանկության քաղցր օրերի, ներսիսյանական տարիների, Ջավախքում ուսուցչության տարիների, Ռուսաստանի Կուրսկի նահանգի աքսորավայրի Ջավախեցու հուշերը (նաև Վահան Տերյանին առնչվող), հյուսիսկովկասյան Մոզդոկ քաղաքի, Ուզբեկստանի հայ համայնքի խնդիրներին (այս վայրերում Ջավախեցին զբաղվել է ուսուցչությամբ) առնչվող նյութերը, Թիֆլիսում և Ուզբեկստանում ՀՅԴ կառույցների գործունեությունը լուսաբանող որոշ դրվագներ (Ջավախեցին հայացքներով հարել է նշյալ քաղաքական ուժին): Գրքում մեծ արժեք են ներկայացնում հատկապես Ջավախեցու և Հ. Թումանյանի հարաբերությունները ներկայացնող նյութերը, ամենայն հայոց բանաստեղծի հետ Ջավախեցու առաջին ծանոթությունից մինչև 1901 թ. օգոստոսին Հ. Թումանյանին դեպի Գանձա և Փարվանա ուղեկցելը (ավելորդ չենք համարում նշելու, որ “Փարվանա” բալլադի նախերգանքը Հ. Թումանյանը գրել է հենց այդ օրը՝ Փարվանայի ափից վերադառնալուց հետո և արտասանել սեղանի շուրջ բոլորած գանձացիների առջև): Երկարատև պրպտումների արդյունքում գրքում զետեղել ենք Ջավախեցու գրեթե ողջ գրական, հրապարակախոսական և թարգմանական ժառանգությունը. անգամ փոքրիկ ակնարկը, հեռագիրը կամ հատվածը, որտեղ ներկայացված է Ջավախեցին, աշխատել ենք բաց չթողնել: Այդ նպատակով ուսումնասիրել ենք ժամանակի շուրջ մի քանի տասնյակ անուն թերթեր ու հանդեսներ, թերթել յուրաքանչյուր անուն մամուլի բավականին ընդարձակ ժամանակահատվածներ: Գրադարանների անձեռնմխելի ֆոնդերից և Գրականության և արվեստի թանգարանից (ԳԱԹ) հայտնաբերել ենք Ջավախեցու բոլոր գիրք-գրքույկները, որոնք բոլորը, իրենց վերահրատարակությունների, խմբագրված տարբերակներով հանդերձ, ներառվել են գրքում, որը կազմելիս խորհրդակցել ենք նաև ոլորտի մասնագետ-բանասերների հետ: Հետևաբար՝ գիրքը Ջավախեցու երկերի առաջին ամբողջական ժողովածուն է: Բավականին ընդարձակ առաջաբանում մենք ներկայացրել ենք Ջավախեցու կյանքը և ստեղծագործական գործունեությունը: Արժեքավոր այս գիրքը օգտակար կարող է լինել հայ գյուղագրությամբ հետաքրքրվողների, տերյանագիտությամբ զբաղվողների, Ջավախքի անցյալի խնդիրներով շահագրգիռ շրջանակների, սփյուռքի գաղթօջախների հանդեպ ուշադրություն դրսևորողների, ինչպես նաև ընթերցասեր հասարակության համար: Գրքի բնագրերի համակարգչային մուտքագրման, բնագրերի հետ համեմատական աշխատանքների, սրբագրման և այլ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 1 մլն դրամ, ժամանակի ընթացքում հատկացվել են: Ներկայումս պահանջվում են զուտ տպագրման ծախսերը, որոնց վերաբերյալ նախահաշիվը կցվում է ներքևում: Բարերարների անունները, ի նշան երախտիքի, կարտացոլվեն գրքում: Կանխավ շնորհակալ ենք՝ այս հայտարարությունը տարածելու և սույն գրքի հրատարակմանն աջակցելու մասին մեր առաջարկին արձագանելու համար: Տպագրմանն աջակցել ցանկացողները կարող են դիմել ՋԱՀ-ի գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք. Երևան 0010, Խորենացու 15, «Էլիտ պլազա», 11-րդ հարկ կամ գրել մեր էլ. հասցեին՝ [email protected], ինչպես նաև զանգահարել մեզ  + 374 98 23 03 76 հեռախոսահամարով:

Հարգանքներով՝ Վահե Սարգսյան պ.գ.թ., “Ջավախքին աջակցություն” հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ

Ահա գրքի տպագրման համար անհրաժեշտ ծախսերը. ՋԱՎԱԽԵՑԻ (Ղազարոս Տեր-Գրիգորյան) Երկերի ժողովածու Էջերի քանակը` 906 Տպաքանակը` 1000 ՕՐԻՆԱԿ Կազմը` ԿՈՇՏ, ԿԱՇՎԵՏԻՊ Կազմի վերնագիրը (երեսին և մեջքին)`ՈՍԿԵՏԱՌ Տպագրման արժեքը` ՍՊԻՏԱԿ ԹՂԹՈՎ 2.800.000 դրամ – ՆԵՐԱՌՅԱԼ ԱԱՀ Տպագրման արժեքը` ԴԵՂԻՆ ԹՂԹՈՎ 3.000.000 դրամ – ՆԵՐԱՌՅԱԼ ԱԱՀ

ՋԱՀ-ի հաշվեհամարներն են. Բանկը՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ

Հաշվարկային հաշիվները՝ ՀՀ դրամ ՝ 2050022378941001 ԱՄՆ դոլար՝ 2050022378941020 Եվրո ՝ 2050022378941040 ՌԴ ռուբլի՝ 2050022378941041

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նպատակն է Ջավախքում վերականգնել բարեգործությանը վերաբերող նախկին հին ու բարի ավանդույթները: Հոդվածում ներկայացված է 1908 թ. Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերության Ախալցխայի մասնաճյուղի հիմնման պատմությունը

Կիրակի՝ ապրիլի 6-ին, քաղաքային վարչության դահլիճում տեղի ունեցավ Կովկասի Հայոց Բարեգործական  Ընկերության Ախալցխայի տեղական ճյուղի բացման պաշտոնական առաջին ընդհանուր ժողովը՝ պաշտոնակատար անձերի ընտրություններ կատարելու համար։

Ընկերության անդամների թիվը մինչ այդ օրը հասնում էր 72-ի, որոնցից ժողովին ներկա էին 37 անդամներ։ Զբաղման նյութն  էր ՝ ընտրել վարչության հինգ անդամ, երկու փոխանդամ և վերաստուգիչ հանձնաժողովի երեք անդամ։

Միաձայն ընտրվեց նախագահ Ախալացխայի փոխանորդ Սիոն վարդապետը, իսկ քարտուղար՝ Խաչ. Թեխմիշճյանցը։

Թերթիկներով վարչության անդամների և փոխանդամներ թեկնածուներ առաջարկվեցին 16 անունների, որոնցից 9-ը հրաժարվելով՝ մնացյալ յոթը թեկնածուներից գաղտնի քվեարկությամբ վարչության անդամ ընտրվեցին պ.պ. Գրիգոր Բուդուղյանը, բժիշկ Հարություն Այվազյանը, Գրիգոր Չաթալբաշյանը, Խորեն Ասմարյանը և Աբրահամ Անիսոնյանը, իսկ փոխանդամներ  ընտրվեցին  Մկրտիչ Գրիգորյանը և Աբրահամ  քահ. Ղազարյանը։ Հետո վերաստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Պետ. Մկեպրյանը, Ստեփան Ստեփանյանը և Միհրան Սաղաթելյանը։

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ նորընտիր վարչության առաջին նիստը, որտեղ վարչության նախագահ ընտրվեց բժ. Յ. Այվազյանը, փոխնախագահ Գ. Բուդուղյանը, իսկ գանձապահ-քարտուղար՝ Աբր. Անիսոնյանը։ Նորընտիր վարչությունը, ստանձնելով իր պաշտոնը, մտադիր է այս զատկական տոներին եկեղեցիներում աղքատ դասի համար փող հավաքել և բաժանել։

Կովկասի Հայոց Բարեգործական  Ընկերությունը, Ախալցխայի ճյուղը վերաբացելով, մեր ազգաբնակչությանը ուրախություն և տարակուսանք պատճառեց. նա տեսել է նախընթացներում նրա արդյունավոր գործունեությունը՝ հանձին ժրաջան ու գործող ղեկավարների։ Ախալցխայի  ճյուղն էր, որ ամբողջ ընկերության մեջ առաջինը տվեց իր միջին պատվավոր անդամ հանգուցյալ Իսահակ մելիք-Հայկազյանին։

 «Մշակ» 1908, N 82

Ռուսաստանի Գրողների միության անդամ Գոհար Ռշտունու գրքերի շնորհանդես

2014 թ. մայիսի 16-ին, ժամը 15.00-ին Գրողների միության տանը տեղի կունենա Ռուսաստանի Գրողների միության անդամ Գոհար Ռշտունու ստեղծագործական երեկոն և «Спасенный Римом. Кардинал Григор Агаджанян» ռուսալեզու գրքի, պատմվածքների, «Бабушкины пословицы» նովելների և «Грозгья ягоды винной» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը։

Մուտքն ազատ է ։