Ջավախքի մասին

ՋԱՎԱԽՔ

ՎԱՐՉԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջավախքն անցել է պատմական բարդ և երկարատև ուղի: Ներկայիս Վրաստանի կազմի մեջ գտնվող այս երկրամասը, երկրի վարչատարածքային բաժանումներին համապատասխան, այժմ ներկայանում է 1994 թ. կազմավորված Սամցխե-Ջավախք նահանգի և վերջինիս սահմանակից ու հարևան մեկ այլ նահանգի կազմի մեջ մտնող Ծալկայի շրջանի տեսքով: Սամցխե-Ջավախք նահանգը ներառում է Ախալցխայի և Ախալքալաքի նախկին գավառները, որոնք խորհրդային տարիներին բաժանվեցին շուրջ 5 շրջանների: Սամցխե-Ջավախք նահանգի Սամցխեի (Մեսխունիք, Ախալցխայի գավառ) հատվածը ներկայումս բաժանված է Ադիգենի (մակերեսը՝ 799,5 կմ2), Ախալցխայի (1.010,3 կմ2), Ասպինձայի (Ասպնջակ, 825,3 կմ2) շրջանների: Ջավախքի (Ախալքալաքի գավառ) հատվածն իր հերթին վարչականորեն բաժանված է Ախալքալաքի (1.200 կմ2) և Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա, 1.400 կմ2) շրջանների: Նահանգի կազմում չներառված Ծալկայի շրջանի մակերեսը կազմում է 1.050 կմ2: Ներկայիս Սամցխե-Ջավախք նահանգի մեջ է ներառված նաև նախկին Գորիի գավառի մեջ մտնող Բորժոմի առողջարանային շրջանը (1.189 կմ2), այդուհանդերձ, Ջավախքի հետ պատմաաշխարհագրական կապ ունեն միայն շրջանի հարավային 4 հայաբնակ գյուղերը:

Այսպիսով՝ մեր օրերի Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ՝ Ջավախք) տարածաշրջանի (ներառյալ Բորժոմի շրջանը) մակերեսն իր 7 շրջաններով կազմում է 7.474,1 կմ2 (մոտ 7,5 հազ. կմ2 ):    

Ջավախք երկրամասը պատմականորեն համապատասխանում է Մեծ Հայքի Գուգարք նահանգի հյուսիսային շրջաններին: Ախալքալաքի գավառը (ներկայիս Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններ) համապատասխանում է Գուգարքի Վերին Ջավախք գավառին, Գուգարքի հերթական հաջորդ գավառը՝ Ներքին Ջավախքը, ըստ ակադ. Ա. Մելքոնյանի համոզման, համապատասխանում է ներկայիս Ասպինձայի (Ասպնջակ) շրջանին և Արդահանի շրջանի հյուսիսային հատվածին: Ներկայիս Ախալցխայի և Ադիգենի վարչական շրջանները հիմնականում համապատասխանում են Սամցխե կամ Մեսխունիք գավառին: Իր հերթին Ծալկայի շրջանը համապատասխանում է ինչպես Վերին Ջավախք (արևմտյան, փոքր հատվածով, որը կոչվում է նաև Վերին Ծալկա), այնպես էլ Թռեղք գավառներին: Ջավախքի տարածաշրջանն այսօր զբաղեցնում է մինչ Գուգարք նահանգի՝ մինչ Հայաստանի առաջին բաժանումը (387 թ.) զբաղեցրած տարածքի (16,5 հազ. կմ2) գրեթե կեսը:   

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Ջավախք տեղանունը, համաձայն Այրարատյան (Վանի) թագավոր Արգիշտի Ա-ի (մ.թ.ա. 786-764 թթ.) և հաջորդ մի քանի թագավորների թողած արձանագրությունների, մ.թ.ա. 9-րդ դարի վերջից Հայկական լեռնաշխարհի հյուսիսում հիշատակվող Զաբախա կամ Զաբախյան երկրի անվան տառադարձված տարբերակն է՝ Զաբախա-Ջաբախա-Ջավախա-Ջավախք: Նախկինում հավանաբար ինքնուրույն կազմավորում հանդիսացող Զաբախա-Ջավախքն այդ շրջանում միավորվում է Այրարատյան (Վանի) թագավորությանը: Համաձայն Երվանդունյաց Հայաստանի ժամանակաշրջանից (մ.թ.ա. 6-2-րդ դդ.) Ջավախքի մասին առասպելախառն տեղեկություններ հաղորդող պատմահայր Մ. Խորենացու՝ Վաղարշակ Ա-ն Ջավախքի կես մասը (Վերին Ջավախքը) ժառանգություն է տալիս Շարայի ցեղից Գուշարին (որի անվան հետ է կապվում «Գուգարք» տեղանունը) և նրան նահանգի վրա կարգում բդեշխ: Մ.թ.ա. 2-րդ դարում հայոց Արտաշես թագավորը (189-160 թթ.) իբերներից հետ է վերցրել Սելևկյանների օժանդակությամբ Փառնավազյան պետության կողմից կարճ ժամանակով գրավված Գուգարքն ու Ջավախքը, որի կենտրոնն այդ ժամանակ Ծունդա (Քաջատուն կամ Քաջաց քաղաք) ամրոցն էր: Արտաշեսյանների և Արշակունիների դինաստիաների ժամանակաշրջանում՝ մինչ մ.թ. 428 թ., Ջավախքը Գուգարաց կազմում շարունակում էր մնալ իբրև Մեծ Հայքի հյուսիսային պաշտպանական նահանգ: 3-4-րդ դարերում Ջավախքում իշխում էին Վարձավունի (այս անվանումից է ծագել Վարձիա բերդաքաղաքի անունը) նախարարական տան ներկայացուցիչները: Արշակունյաց թագավորության անկումից հետո Ջավախքի տարածքները միացվեցին Սասանյան Իրանի տիրապետության տակ կազմավորված Վրաց մարզպանությանը: Հյուսիսային Հայաստանի հետ Ջավախքը պարսկական լծի տակ մնաց մինչ 7-րդ դարը, երբ հայոց գավառներն այս անգամ նվաճվեցին արաբների կողմից: Ջավախքում արաբական տիրապետությունն ավարտվում է 9-րդ դարի վերջին, երբ Բագրատունյաց արքա Սմբատ Ա-ն (890-914 թթ.) վերանվաճում է այս տարածքները: 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին համապատասխանաբար Վերին և Ներքին Ջավախքները նվաճում են վրաց Բագրատունիները, որոնց կողմից Սամցխե-Ջավախքը վերածվում է օտար նվաճողների դեմ հարավային հզոր պաշտպանական վարչամիավորի: Բագրատ Գ-ն 11-րդ դարի սկզբին ամրացնում է Ախալքալաքը, իսկ Բագրատ Դ-ն՝ Ախալքալաքի բերդը: 1064 թ., սակայն, Ջավախք են արշավում սելջուկ-թուրքերը՝ ավերելով ու թալանելով ողջ տարածաշրջանը: Միայն 12-րդ վերջին սելջուկների նկատմամբ Զաքարե և Իվանե Զաքարյանների տարած հաղթանակներից հետո ազատագրվեցին Ջավախքը և հարակից տարածքները: Վրաց Թամար թագուհու արքունիքում անփոխարինելի դիրքեր հաստատած զաքարյաններից Ջավախքում կուսակալ էր Սարգիս Երկայնաբազուկ Թմոգվեցին (նստավայրը՝ Թմկաբերդ, Ներքին Ջավախք), Վերին Ջավախքում կուսակալ էր Շալվա Թորեցին (նստավայրը՝ Թորիա, Վերին Ջավախք, այժմ Նինոծմինդայի Թորիա գյուղ): 1266 թ. մոնղոլների և վրացիների միջև եղած հակասությունների հենքի վրա Թմկաբերդի տեր Սարգիս Ջաղեցու կողմից Տաշիրից մինչև Էրզրում ընկած տարածքների վրա հիմնադրվում է Սամցխեի ընդարձակ իշխանապետությունը (աթաբեկություն): Հիմնականում հայաբնակ և գրեթե անկախ այս հզոր իշխանապետությունը գոյատևեց շուրջ 300 տարի՝ 1535 թ. նվաճվելով Իմերեթի և Քարթլիի թագավորների կողմից, իսկ 1547 և 1578 թվականների նվաճումներով Ախալցխային ու Ախալքալաքին տիրում են օսմանյան թուրքերը: 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում սեպտեմբերի 2-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրով Ռուսաստանին են անցնում Ախալքալաքն ու Ախալցխան: Կարապետ արք. Բագրատունու գլխավորությամբ Էրզրումի, Բասենի և այլ գավառներից ազատագրված այս գավառներ են տեղափոխվում թվով 58 հազար հայեր: Ռուսական կայսրության նահանգների կազմում Ախալցխայի և Ախալքալաքի գավառները գտնվում են մինչ 1918 թ. սկիզբը՝ մինչ մի շարք ուղղություններով թուրքական նոր արշավանքներն Արևելյան Հայաստան և Այսրկովկասում նոր իրավիճակի ու վարչական կազմավորումների ստեղծումը:

1918 թ. թուրքական արշավանքները չեն սահմանափակվում միայն 4 հիմնական ուղղություններով, այն է՝ դեպի Վորոնցովկա (Կալինինո, Տաշիր) – Բոլնիս-Խաչեն, դեպի Համամլու (Սպիտակ) – Ղարաքիլիսա (Կիրովական, Վանաձոր), դեպի Էջմիածին ու Արարատյան դաշտ ուղություններով. նպատակ ունենալով գլխովին ոչնչացնել ողջ արևելահայությանը՝ 1918 թ. մայիսի սկզբին թուրքական զորախմբերը հարավից (Աշոցք) և հարավ-արևմուտքից (Չլդր) ներխուժեցին նաև Ախալքալաքի գավառ, որի ողջ ազգաբնակչությունը՝ շուրջ 7-8 տասնյակ հազար մարդ, մեծ կորուստներով գաղթեց դեպի Բակուրիանի և Ծալկայի հատվածներ: Ե՛վ այս վայրերում տեղակայված գաղթականական ճամբարներում տարածված հիվանդություններից, ցրտահարությունից ու սովից, և՛ թուրքական կոտորածներից մահացավ Ախալքալաքի գավառի ազգաբնակչության կեսից ավելին՝ շուրջ 4-5 տասնյակ հազար մարդ: Ինչ վերաբերում է Ախալցխայի գավառին, ապա վերջինիս հայ ազգաբնակչությունը չարտագաղթեց. քաղաքագլուխ Զորի Զորյանը շուրջ 5-6-ամսյա հերոսական ինքնապաշտպանությունից հետո 1918 թ. մայիսի վերջին, ստանալով թուրքական ղեկավարության կողմից հայկական ազգաբնակչության կյանքի ու գույքի անձեռմխելիության երաշխիքներ, ընդունեց վերջիններիս գերիշխանությունը, որով և ազգաբնակչությանը զերծ պահեց արյունալի կոտորածներից: Թուրքական տիրապետության կիսամյա շրջանը (1918 թ. մայիս-նոյեմբեր. Մուդրոսի հոկտեմբերի 30-ի զինադադարով առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան ստիպված էր զորքերը հետ քաշել մինչև 1914 թ. ռուս-թուրքական սահմանը, որով ազատագրվում էին նաև Ախալքալաքի ու Ախալցխայի՝ մինչ թուրքական ռազմակալումը կամ Սեյմի կողմից Անդրկովկասի անկախության հչակումը Ռուսաստանի կազմում գտնված գավառները), որի ընթացքում տեղի մահմեդականների օգնությամբ թալանի ու կոտորածի վայրի վերածեցին հատկապես Ախալքալաքի գավառը, դարձավ հայաբնակ այս գավառների պատմության ամենաարյունալի, միաժամանակ ամենահերոսական էջերից մեկը:

Նորանկախ երկու երկրների՝ Հայաստանի առաջին Հանրապետության և Վրաստանի Դեմոկրատական հանրապետության ավելի քան երկամյա (1918-1920 թթ.) գոյության շրջանը չկարողացավ լուծում տալ Ջավախքի պատկանելության կնճռոտ հարցին: Ավելին՝ մինչ 1914 թ. ռուս-թուրքական սահմանը ետ քաշվող Թուրքիայի հրահրմամբ 1918 թ. դեկտեմբերին ծագեց հայ-վրացական երկշաբաթյա պատերազմը, որը, չնայած հայկական զորքերի հաղթանակներին, կրկին լուծման չտարավ հարցը:

Ջավախքի հարցը հետագայում քննարկվեց նաև մի շարք կոնֆերանսներում, տարածաշրջանային, միջազգային մի շարք խորհրդաժողովներում ու վեհաժողովներում և բոլոր այն տեղերում, որտեղ ակտիվորեն քննարկվել են հարևանների հետ Հայաստանի սահմանային զատորոշման խնդիրները: Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումը, ցավոք, հնարավորություն չտվեց երկու երկրներին ինքնուրույն լուծել սահմանային և տարածքային խնդիրները: Փաստենք, որ նշյալ խնդիրներն ինքնուրույն լուծելու իրավունքն ամրագրված էր Ազգերի լիգայի հովանու տակ գործող Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույցում, փաստաթուղթ, որը հետագայում կցվեց ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռին՝ որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ և այսօր էլ ուժի մեջ է: 

1921 թ. հուլիսի 7-ին խորհրդային կուսակցական մարմիններից մեկը՝ ՌԿ(բ)Կ Կովբյուրոն, իր պլենումում քննարկելով Հայկական և Վրացական ԽՍՀ-ների միջև վիճելի համարվող Լոռվա և Ախալքալաքի գավառների հարցերը, քվեարկությամբ որոշեց Լոռու Չեզոք գոտին միացնել ՀԽՍՀ-ին, իսկ Ախալքալաքի և Խրամի (Ծալկայի) շրջանների ՀԽՍՀ-ին միացնելու հարցը տեղափոխել Վրաստանի կոմկուսի կենտկոմ: Հուլիսի 16-ին Վրաստանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը անընդունելի է համարում նշյալ շրջանները ՀԽՍՀ-ին միացնելու հայկական կողմի պահանջը:

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջավախքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Պատմաճարտարապետական հուշարձաններից զատ, այս մասին են վկայում նաև հայկական, վրացական և օտար գրավոր մատյանները: Վրացական այդպիսի մի  տարեգրության համաձայն՝ Հռիփսիմյան քույրերից Նինոն (Նունե), Հայաստանից անցնելով Վրաստան, ճանապարհին լինում է նաև Ջավախքում և Փարվանա լճի ափին հանդիպած հովիվների հետ խոսելով հայերեն, ճշգրտում է Մցխեթի ճանապարհը:  Ջավախքի վարչական բաժանումների և ժողովրդագրության մասին արժեքավոր տեղեկություններ կան օսմանյան խոշոր հարկացուցակների մեջ: «Գուրջիստանի վիլայեթի մեծ դավթար» կոչված այպիսի մեկ փաստաթղթում մանրամասնորեն թվարկվում են Ջավախքի գավառները, գյուղերն ու հարկատուների անվանացանկերը: Բերվող հայկական անուններից ակնհայտ է դառնում, որ Ջավախքի ազգաբնակիչները եղել են հայերը: Օսմանյան տիրապետության շրջանում սկսվում է գավառների պատմության համար մղձվանջային մի շրջան, և համընդհանուր մուսուլմանացման գործընթացում հիմնականում քաղկեդոնական դավանանքի հայերից Սամցխե-Ջավախքում առաջացավ մուսուլման տարրը, որը հետագայում աշխարհագրական տեղանվան հավելումով ստացավ մեսխեթցի-թուրք անվանումը:

Չնայած 1918 և 1921 թվականներին տեղի ունեցած թուրքական արշավանքներին և արյունալի կոտորածներին, այդուհանդերձ, խորհրդային շրջանում Ջավախքում հայության թիվը կրկին աճեց, և 1939  թ., պատերազմի նախօրեին, Սամցխե-Ջավախքի ժողովրդագրական պատկերը հետևյալն էր.

Շրջան

 

Վրացիներ Հայեր Թուրքեր Ռուսներ Քրդեր Ընդամենը
­ Ադիգենի 5466

(13,2 %)

942

(2,3 %)

32.928

(79,7 %)

1281

(3,1 %)

69

(0,2 %)

41.314

 

­ Ախալցխայի 5836

(10,5 %)

16454

(29,7 %)

28428

(51,2 %)

1538

(2,8 %)

1423

(2,6 %)

55.4­90
­ Ասպինձայի 6500

(19,9 %)

1741

(5,3 %)

21612

(66,2 %)

293

(0,9 %)

1980

(6,1 %)

32.644
­ Ախալքալաքի 4857

(7,5 %)

54081

(83,6 %)

4015

(6,2 %)

1102

(1,7 %)

309

(0,5 %)

64.655

 

Բոգդանովկայի (Նինոծմինդա) 93

(0,3 %)

27376

(79,2 %)

1009

(2,9 %)

5862

(17,0 %)

77

(0,2 %)

34575
Ընդամենը 22752

(9,9 %)

­100594

(4­4,­0 %)

879­92­

(38,­5 %)

10­.07­6

(4,4 %)­

3858

(1,7­ %)

22­867­8

­

Ինչպես երևում է բերվող տվյալներից, թուրքերն ամբողջ նահանգում քրդերի հետ միասին վերաբնակեցման նախօրեին կազմել են 91.850 մարդ կամ ընդհանուր բնակչության 40,2 %-ը:

1944 թ. վերջին ԽՍՀՄ ղեկավարության (Ի. Ստալինի) որոշմամբ Սամցխե-Ջավախքը մաքրազարդվեց մահմեդական տարրից: Լքված շուրջ 120 գյուղերից, որոնցից 115-ը գտնվում էին Ադիգենի, Ախալցխայի և Ասպինձայի վարչական շրջաններում, 5-ը՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում, շուրջ 65-ը բնակեցվեցին Իմերեթից այստեղ բերված վրացիներով (որի արդյունքում Ախալցխայի և Ախալքալաքի պատմական գավառների միջև ստեղծվեց վրացաբնակ Ասպինձայի վարչական շրջանը), մյուս 50 գյուղերը դարձան անմարդաբնակ: Թուրք–մեսխեթցիների՝ Ախալքալաքում և Բոգդանովկայում թողած միայն վերոնշյալ հինգ գյուղերը բնակեցվեցին հայերով: Այդ գյուղերն են Խավեթը, Էրինջան, Դավնիան, Քարսեպը (Ախալքալաքի շրջանում) և Սաղամոն (Բոգդանովկայի շրջանում):

1959 թ. դրությամբ Սամցխե-Ջավախքի ժողովրդագրական պատկերն ուներ հետևյալ տեսքը.

Շրջան Վրացիներ Հայեր Ռուսներ Այլազգինե   ր Ընդամենը
­ Ադիգենի 18878

(37,4 %)

1627

(8,3 %)

3684

(7,3 %)

2115

(4­,2 ­%)­

50430
­ Ախալցխայի 16187

(8,6 %)

25753

(51,1 %)

1276

(6,5 %)

508­

(2­,6­ %­)

19598
­ Ասպինձայի 9081

(80,6 %)

2068

(18,4 %)

60

(0,5 %)

56

(0,5­ %)­

11.2­65
­ Ախալքալաքի 3566

(5,7 %)

57209

(90,8 %)

1647

(2,6 %)

555

(0,9 ­%)­

6­2977
Բոգդանովկայի (Նինոծմինդա) 50

(0,2 %)

27090

(84,5 %)

4616

(14,4 %)

308

(1,0 %)

32­064
Ընդամենը 4­7762

(­21,­1 ­%)

113747

­(64,5 %)­

1­12­83

(6­,4 %)­

35­42­

(­2,­0 %)

­17­6­334

 

Ինչպես երևում է բերված աղյուսակից, 20 տարում վրացիների թիվը արհեստականորեն ավելացել է շուրջ 25.010-ով կամ 11.2 %-ով, իսկ հայերի թիվը միայն բնական աճի շնորհիվ ավելացել է 13.153-ով (այս թիվը (ավելացված է նաև Բորժոմի շրջանի հայությունը) հավասար է նահանգի հայության 2002 թ. տվյալներին):

Սամցխե-Ջավախքի բնակչության թվաքանակը և ազգային կազմը 1989թ. դրությամբ.

 

շրջան ­վրացիներ հայեր ռուսներ ընդամենը
Ախալցխայի 25.648 (46,8­%) ­23­.469

(42,8 %)

3426

(6,2 %)

54822
Ադիգենի 19.491

(91­,6­%)­

1­237

(5,8 %)

294

(1,4 %)

21282
Ասպինձայի 10.753

(80,­1%­)

2­56­5

(19,1 %)

45

(0,3 %)

13432
Ախալքալաքի 3005

(4,3%)

­63­09­2

(91,3 %)

1737

(2,5 %)

69108
Նինոծմինդայի 454

(1,2%)

33.964

(89­,6 %)­

3161

(8­,3­ %­)

37895
ընդամենը 5­9.35­1

(3­0,­2%)

1­24­.3­27

(63,­3 ­%)

8663­

(4,4­ %­)

­196539­

Սամցխե-Ջավախքի բնակչության թվաքանակը և ազգային կազմը 1997թ. դրությամբ.

 

շրջան  հայեր  վրացիներ ընդամենը
­Ադիգենի 1.407 (5,8 %) 22.222 (91,6 %) 2362­9
Ասպինձայի 2780 (19,1 %) 11.660 (80,1 %) 1444­0
­Բորժոմի 3816 (10,0 %) 29.518 (77,6 %) 33334
­Ախալցխայի 23.644 (42,8 %) 25.688 (46,8 %) 49332
Ախալքալաքի 62.814 (91,3 %) 3.027 (4,4 %) 65841
Նինոծմինդայի 34.6­97 (89,­6 %) 451 (1,­2 ­%) 35­148
ընդամենը 129.­158 (58,25 %) ­92­.566 (­41,7­5 %) 221.7­24

 Ինչպես տեսնում ենք, հայերի թիվը այս ընթացքում աճել է չնչին տոկոսով, եթե առանց   Բորժոմի շրջանի հաշվառման 1989թ. հայերի թիվը կազմում էր 124.327 կամ 63,3 ­%, ապա 1997թ. արդեն Բորժոմի շրջանի հայերով հանդերձ տարածաշրջանի բնակչության թիվը կազմում էր ընդամենը 129.158 կամ 58,25 %, իսկ այս ընթացքում վրացիների թիվը, Բորժոմի շրջանի միացումովգրանցել է ահռելի աճ` 59,351  (­30,2 %)-ից դառնալով 92.66 կամ  41,75 ­%:

Բոլորովին այլ պատկեր է ուրվագծվում մեր առջև, եթե այժմ դիտենք 2002թ. տվյալները.   

ՍամցխեՋավախքի բնակչության թվաքանակը և ազգային կազմը 2002թ. դրությամբ .

 

շրջան   

ընդհ. բնակչ.

 

վրացիներ  հայեր ռուսներ արբեջանցիներ ուկրաինացիներ հույներ­       

եզդիներ

 

Ադիգենի 20,752 19,860 698 101 17 20 ­7
­Ասպինձայի 13,010 10,671 2,273 34 5 8
Ախալքալաքի   60,975 3,214 57,516 157 3 14 51
Ախալցխայի ­ 46,134 28,473 16,879 410 13 42 129
­Բորժոմի 32­,4­22 ­27,301 3,124 585 24 75 540 1
Նինոծմինդայի 34,305 ­476 32,­857 943 2 6 5
ընդհանուրը 20­7,5­98 89,­995 11­3,­34­7 2,230 ­59 162 74­0 ­1

­

Ինչպես տեսնում ենք, 1997թ. հետ համեմատած, ամբողջ նահանգում  վրացիները կրճատվել են  2571-ով, իսկ հայերի մոտ տարբերության այդ թիվը 15.811 է:

Ախալքալաքի շրջանն ունի 64 գյուղ, որոնցից 59-ը գրեթե ամբողջությամբ հայաբնակ են: Ախալքալաք քաղաքը ևս հայաբնակ է, և այստեղ այլազգիները կազմում են չնչին տոկոս: Նինոծմինդայի շրջանն ունի 31 գյուղ, որոնցից 8-ը 19-րդ դարի կեսերին (1941-1943 թթ.) Ռուսաստանի Տավրիկյան և այլ նահանգներից վերաբնակեցված ռուս դուխոբորական գյուղեր էին: Վերջիններիս` տարբեր ժամանակներում զանգվածային արտագաղթից և նրանց բնակավայրերում հայության բնակվելուց հետո Նինոծմինդան դարձավ գրեթե ամբողջովին հայաբնակ: Ախալցխայի շրջանն ունի երկու քաղաք` Ախալցխան և Վալեն, ինչպես նաև 36 գյուղ, որոնցից 15-ը` հայկական են: Ասպինձայի գյուղերից լիովին հայաբնակ է պատմական Դամալա գյուղը: Հայերի որոշ քանակություն է ապրում նաև ք. Ասպինձայում (մոտ 20 տուն): Ադիգենի շրջանի գյուղերից հայաբնակ է միայն Աբասթուման գյուղը (համանուն ավանից 5 կմ հարավ): Հայերի փոքր թվաքանակ է ապրում նաև Աբասթուման ավանում: Բորժոմի հարավային շրջանում առկա են հայաբնակ թվով 4 գյուղեր (2-ը՝ Ախալքալաքի նախկին գավառի գյուղեր): Ջավախքի արևելքում գտնվող Ծալկայի շրջանն ունի 13 հայաբնակ գյուղ: Ըստ 1897, 1979, 1989, 2002 և 2006 թվականների Վրաստանի վիճակագրական տվյալների` Ծալկայի շրջանի հայության ժողովրդագրական պատկերը համապատասխանաբար հետևյալն էր՝ 8350, 13.996, 12.671, 11.484, 11.000: Նախկին հունաբնակ-հայաբնակ այս շրջանում, հետխորհրդային շրջանում հույների՝ դեպի Հունաստան զանգվածային արտահոսքից հետո տեղի լքված գյուղերը և շրջկենտրոն Ծալկա քաղաքը բնակեցվեցին երկրի հյուսիս-արևմտյան շրջաններից Վրաստանի կառավարական աջակցությամբ այստեղ տեղափոխված քարթվելական ժողովուրդներով (աջարներ, սվաններ և այլն): Արդյունքում կարճ ժամանակում վրացական ժողովուրդների թվակազմը հավասարվեց և գերազանցեց հայության թվին:

2014 թ. աշնանը Վրաստանում անցկացվեց հերթական մարդահամարը: Պաշտոնական վիճակագրական մարմինների տվյալների համաձայն՝ ջավախահայության թիվը վերջին 13 տարիների համեմատ (նախորդ մարդահամարը Վրաստանում տեղի է ունեցել 2002 թ.) նվազել է շուրջ 30 %-ով, շուրջ 2-3 անգամ ընկել է նաև ծնելիության գործակիցը` երբեմնի 36-ի փոխարեն դառնալով 13-15 (տարեկան 1.000 մարդու հաշվարկով): Արդյունքում, օրինակ, Ախալքալաքի շրջանի հայության թիվը նվազել է՝ հասնելով մինչև 44,9 հազ. մարդու (նախկին 63.092 մարդու փոխարեն (1989 թ.)), Նինոծմինդայինը՝ 24,5 հազ. մարդու (նախկին 34.000 մարդու փոխարեն (1989 թ.))։ Նվազել է նաև ջավախահայության տեսակարար կշիռը, և եթե նախկինում հայերը կազմում էին Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի ընդհանուր ազգաբնակչության 65-70%-ը, ապա նոր ցուցանիշներով այն չի հատում 50%-ի սահմանագիծը։

ԿՐԹԱԿԱՆ, ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔ

Ջավախքի հայկական դպրոցների և աշակերտության թվապատկերը (2014/2015 թթ. ուսումնական տարի).

շրջան Ադիգենի Ախալցխայի Բորժոմի Ասպինձայի Ախալքալաքի Նինոծմինդայի Ծալկայի ընդամենը
դպրոցներ 12 4 1 56 34  10 117
աշակերտներ 1389 211 205 6929 3554 1.014 13.302

Փաստենք, որ 2000-ական թթ. սկզբներին Ջավախքի դպրոցների հայ աշակերտների թիվը կազմում էր շուրջ 22,5 հազար: Ինչպես երևում է բերված թվերից, ավելի քան տասը տարիների ընթացքում թիվը կրճատվել է շուրջ 9 հազարով:

2005 թ. ընդունված կրթության մասին նոր օրենքով որոշում կայացվեց Վրաստանի բոլոր ոչ վրացալեզու դպրոցներում ներդնել ուսուցման երկլեզու համակարգը, որով փուլ առ փուլ նախատեսվում է անցնել վրացալեզու ուսուցման: Այսպիսով՝ տեղաբնիկ ազգության լեզվի՝ հայերենի կարգավիճակի բացակայության պայմաններում, ի թիվս այլ ոլորտների,  լրջագույնս տուժում է նաև Ջավախքի կրթական համակարգը: Ջավախքում խիստ անբավարար քանակություն են կազմում նախադպրոցական ուսումնական հաստատությունները (ՆՈւՀ), որոնք հատուկենտ թվով առկա են միայն Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում և հարակից որոշ գյուղերում: 

1991 թ. փակվեց Ախալցխայի գյուղատնտեսական տեխնիկումի հայերեն լեզվով ուսուցմամբ հաշվապահական ֆակուլտետը: Ջավախքում բացակայում են հայ-վրացական պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները և Հատուկենտ ոչ մասնավոր բուհերը չեն լրացնում բացը, և տեղի բազմահազար երիտասարդությունը ստիպված է լինում ուսումը շարունակել ՀՀ-ի (ՀՀ բուհերում սովորող ջավախահայ ուսանողների թիվը կազմում է մոտ 1.500) կամ Վրաստանի բուհերում: Արդյունքում՝ շրջանավարտներից քչերն են հետ վերադառնում, և այս հանգամանքը խիստ բացասաբար է անդրադառնում Ջավախքի ժողովրդագրական իրավիճակի վրա:

Հոգևոր-մշակութային կյանքը Ջավախքում վերջին շրջանում դանդաղորեն, այդուհանդերձ ունի աշխուժացման միտումներ: Դեռ հետպատերազմյան շրջանում խորհրդային ղեկավարությունն ընդառաջ է գնում ջավախահայության պահանջներին և թույլատրում վերաբացել Ախալքալաքի Սբ. Խաչ և Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (եկեղեցիներում ծառայություն են մատուցել Տ. Ռուբեն և Տե. Շմավոն ավագ քահանա Սաղոյան եղբայրները): Հետխորհրդային առաջին տարիներից մինչ 2000 թ. Ջավախքում հոգևոր ծառայության են անցնում առաջին քահանաները՝ Տեր Եղիան (Օրոջալար գյուղից, ծառայության է անցել 1993 թ.), Տեր Նարեկը (Ախալցխա քաղաքից, ծառայության է անցել 1997 թ.), Տեր Սամվելը (Ախալցխա քաղաքից, ծառայության է անցել 1998 թ.): 1998 թ. տարածաշրջանի հոգևոր տեսուչ է նշանակվում Տ. Գուրգեն վրդ. Աղաբաբյանը (Ախալցխայի Փ. Պամաճ գյուղից): 2001 թ. հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգադրությամբ հիմնվում է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը, փոխանորդ է նշանակվում Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչի պաշտոնակատար Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանը (ներկայումս՝ վարդապետ): Ջավախքում հետագայում նկատելիորեն ավելացավ հոգևորականների թիվը՝ հասնելով շուրջ մեկուկես տասնյակի, այդուհանդերձ, ՀԱԵ հետևորդ շուրջ 110 բնակավայրերի համեմատ այս թիվը խիստ անբավարար է: Ջավախքի տարբեր շրջաններում առկա են նաև Հայ Կաթողիկե եկեղեցու հետևորդ շուրջ 21 գյուղեր: Հարկ է նշել, որ Վատիկանի կողմից այս գյուղեր գործուղված նվիրյալ և հայազգի հոգևորականների կողքին հաճախ են պատահում այլազգիները, որոնց գոյությունն ու հատկապես ապազգային գործունեությունը երբեմն այս բնակավայրերում դառնում են ներքին լարվածության պատճառ: Որպես դրական երևույթ՝ կարելի է նկատել վերջին շրջանում Ջավախքում թափ ստացած եկեղեցաշինությունը կամ հին եկեղեցիների վերանորոգումն ու օծումը, խաչքարերի տեղադրումը, այդուհանդերձ, այս ամենը կրում է տարերային բնույթ, և զգացվում է արտերկրում ապրող բարեգործների այս քայլերի համակարգման, նյութաբարոյական միջոցների առավել արդյունավետ բաշխման խիստ կարիք: 

Մշակութային կյանքի աշխուժացման ընթացքը Ջավախքում մխիթարական չի կարելի անվանել: Երբեմնի ծաղկուն մշակութային քաղաք Ախալցխայում, ուր 19-րդ դարի 70-80-ական թվականներից գործում էին թատերական խմբեր, և տեղի էին ունենում բազմաթիվ ներկայացումներ, կային մի շարք գրադարաններ ու ընթերցարաններ, այսօր առկա են ընդամենը երկու մշակութային հաստատություն՝ Ախալցխայի Երիտասարդական-կրթամշակութային կենտրոնը (հիմնադրվել 2006 թ.) և Վ. Գայֆեճյանի անվան Ախալցխայի ստեղծագործողների միությունը, որոնք երկուսն էլ գործում են քաղաքում: Դրությունը փոքր-ինչ բարվոք է Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում, ուր պետական և մասնավոր հոգածությամբ գործում են կրթամշակութային կենտրոններ, երգի և պարային խմբեր, փոքրիկ թատերախմբեր, գրադարաններ, երաժշտական, շախմատի և գեղարվեստի դպրոցներ, Ախալքալաքի գավառագիտական թանգարանը, Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը Կարծախ գյուղում և այլն: Այդուհանդերձ, Ջավախքի շուրջ 130 բնակավայրերի հիմնականում գյուղաբնակ ազգաբնակչության համար վերոնշյալ հաստատությունները չեն կարող բավարար համարվել: Դրությունը հատկապես անմխիթար է Ծալկայի 13 գյուղերում, որտեղ, եթե չհաշվենք խորհրդային տարիներից մնացած մի քանի մշակութային տների շենքերը (որոնցում հազվադեպ են պատահում մշակութային միջոցառումներ), մշակութային կյանք գրեթե գոյություն չունի: Ջավախքի որոշ գյուղերում (հիմնականում դպրոցների կազմում), շնորհիվ նվիրյալ ու հայրենասեր ուսուցիչ-մասնագետների, նյութական, շենքային և տեխնիկական անբավարար պայմաններում գործում են երգի կամ պարի սիրողական խմբակներ:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱ, ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ), ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ, ՏՈՒՐԻԶՄ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Չնայած արդյունաբերական բավականաչափ մեծ ներուժին, այդուհանդերձ, Ջավախքում արդյունաբերությունը դեռ խորհրդային տարիներից գտնվել է թույլ հիմքերի վրա: Ախալքալաքի շրջանում, օրինակ, միայն խորհրդային վերջին տարիներին կառուցվեց ճոպանուղիների սարքերի գործարանը: Այդ նույն շրջանում գրեթե ողջ Ջավախքով մեկ մեծ թափ առավ քարհանքային և քարմշակման ձեռնարկությունների հիմնումը: Ցավոք, ինչպես ճոպանուղու սարքերի գործարանը, այնպես էլ քարմշակման ձեռնարկությունները, ինչ-ինչ պատճառներով երկար կյանք չունեցան և արագ մարեցին: Ախալքալաքի շրջանում խորհրդային տարիներին գործել են նաև կարի և կոշիկի ֆաբրիկաները, մսի կոմբինատը, գարեջրի, երկաթբետոնե իրերի, կաթի և պանրի գլխամասային գործարանները, Ախալքալաք քաղաքում և Բարալեթ գյուղում գտնվող «Գյուղտեխնիկա» կոչված ձեռնարկությունները, տպարանը և այլն: Բոգդանովկայի շրջանում (Նինոծմինդա) գործել են տրիկոտաժի 3 ֆաբրիկաներ (2-ը քաղաքում, 1-ը Փ. Գոնդուրա գյուղում), կարի 1 ֆաբրիկա է գործել Հեշտիա գյուղում: Շրջանում գործել են նաև մսի և կաթի գործարաններ, թռչնաֆաբրիկաներ և այլն: Բոգդանովկայի հացի կոմբինատն ամենամեծն է եղել ողջ Վրացական ԽՍՀ-ում: Վրա հասած ԽՍՀՄ փլուզումը, իրացման շուկաների կորուստը և այլ հանգամանքներ գրեթե իսպառ կաթվածահար արեցին Ջավախքում առկա առանց այն էլ թույլ հիմքերի վրա գտնվող արդյունաբերությունը: 2000-ական թթ. հիմնականում մասնավոր ներդրումների միջոցով փորձեր արվեցին Ջավախքում արդյունաբերությունը քիչ-քիչ վերականգնելու ուղղությամբ, վերաբացվեց Ախալքալաքի գարեջրի գործարանը, Նինոծմինդայի կարի ֆաբրիկան, հիմնվեցին մի շարք կաթնավերամշակման կետեր, ձկնային տնտեսություններ, հացի փռեր, մսի կոմբինատներ, մեքենաների տեխնիկական սպասարկման ծառայություններ և այլն: Այդուհանդերձ, հաշվի առնելով բնակչության քանակը և առկա ներուժը, այս ամենը խիստ անբավարար է: Մրգատու այգիներով հարուստ Ախալցխայի և Ասպինձայի շրջաններում գրեթե բացակայում են մրգերի պահածոյացման գործարանները: Նույնկերպ Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ծալկայի հատվածում բացակայում են կարտոֆիլի վերամշակման ձեռնարկությունները, և ազգաբնակչությունն իր արտադրանքը շատ դեպքերում չնչին գներով իրացնում է Թիֆլիսում: Իր լճերով հանդիսանալով ամենահարուստը Վրաստանում և Այսրկովկասյան ողջ տարածաշրջանում՝ Ջավախքում խիստ անբավարար են նաև ձկնարդյունաբերության զարգացման տեմպերը, եթե չասենք, որ կարելի է խոսել այս ճյուղի իսպառ բացակայության մասին:  

Ջավախքի տնտեսության առանցքային ճյուղերից է գյուղատնտեսությունը: Խորհրդային շրջանում այստեղ ևս կազմակերպվեցին կոլեկտիվ և պետական գյուղատնտեսական տնտեսություններ, ձևավորվեց դրանց նյութատեխնիկական բազան, աճեցին գյուղմթերքների արտադրության ծավալները: Բոգդանովկայի հողային ֆոնդը կազմում է 81,6 հազ. հա, որից գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 62,5 հազ. հա, այս թվի մեջ են մտնում նաև 18,8 հազ. հա կազմող վարելահողերը: Ախալքալաքի շրջանի հողային ֆոնդը կազմում է 121,5 հազ. հա, որից գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 94,4 հազ. հա, այս թվի մեջ են մտնում նաև 34,5 հազ. հա կազմող վարելահողերը: Ախալքալաքի շրջանում անտառները կազմում են 7,7 հազ. հա, բազմամյա տնկարքները՝ 75 հա: ԽՍՀՄ փլուզումն իր հետ բերեց նաև գյուղատնտեսական արտադրության քանակական և որակական ցուցանիշների կտրուկ անկում: Համընդհանուր սեփականաշնորհման պայմաններում գյուղացուն հանձնվեցին երբեմնի կոլտնտեսային և խորհտնտեսային սեփականություն հանդիսացող մշակովի հողատարածքները և խոտհարքները: 1990-ականներին Վրաստանում սկիզբ առած էներգետիկ, սոցիալ-տնտեսական, ազգային-քաղաքական, պատերազմական, ենթակառուցվածքային ու տարանցիկ ծանրագույն պայմաններում, շնորհիվ նվիրումի ու ցուցաբերած համառ կամքի, ջավախահայությունը կարողացավ կամաց-կամաց վերականգնել գյուղատնտեսությունը և այդ տարիների համեմատ կտրուկ ավելացնել գյուղարտադրանքի ծավալները: Նինոծմինդայի շրջանում վերջին շրջանում աշխուժացել է ֆերմերային տնտեսության ճյուղը, որը զարգանում է կաթնավերամշակման ձեռնարկությունների աճին ուղիղ համեմատական ձևով:  Գյուղզարգացմանը նպաստում է նաև վերջին շրջանում Ջավախք ներթափանցած բանկային ոլորտի աշխուժացումը: Գյուղվարկերի շնորհիվ հնարավոր է դառնում նոր հողատարածքների մշակումը, ինչպես նաև անասնապահական գլխաքանակի ավելացումը: Այդուհանդերձ, Ջավախքի գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկը և ամենագլխավորը շարունակում է մնալ արտադրանքի իրացման դժվարությունը: Տեղում վերամշակման ձեռնարկությունների բացակայությունը կամ անբավարար քանակը բերում է արտադրանքի գնողունակության նվազմանը, իսկ իրացման հիմնական շուկաների հեռավորությունն էլ ավելի է դժվարացնում վիճակը:

ԽՍՀՄ փլուզումից մինչև 2000-ական թթ. սկիբը Ջավախքն ապրում էր էներգետիկ ճգնաժամի տարիներ: Էլեկտրական հոսանքի բացակայությունը բացասաբար էր ազդում տնտեսության և կենսոլորտի գրեթե բոլոր ճյուղերի զարգացման վրա: 2000-ական թթ. կեսերին այս խնդիրը կարգավորվեց: Այդուհանդերձ, Ջավախքն իր էներգետիկ կարիքները բավարարելիս չի օգտվում տեղական պոտենցիալից: Լինելով լճառատ (հիշեցնենք, որ Վրաստանի գրեթե բոլոր խոշոր ու միջին լճերը գտնվում են Ջավախքում) և գետառատ տարածաշրջան՝ Ջավախքն ունի ջրային չօգտագործված էներգիայի մեծ պոտենցիալ: 1-4 մվտ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանների կառուցման մեծ հնարավորություններ կան հատկապես Թափարվան գետի վրա, որտեղ կարելի է կառուցել թվով 5-8 ՀԷԿ-եր:  

Ջավախքի սարավանդը գտնվում է միջինը 1800 մ. բարձրության վրա, առանձին բնակավայրեր գտնում են և՛ այս թվից ցածր, և՛ բարձր (մինչև 2200-2400 մ.) մակարդակի վրա: Այս իմաստով շրջաններում մեծ է գյուղատնտեսական նպատակների համար ոչ պիտանի հողատարածությունների մասնաբաժինը: Նինոծմինդայի շրջանի տարածքում առկա են պեռլիտի հարուստ հանքավայրեր: Շրջանը հարուստ է նաև բազալտի հանքավայրերով: Ախալքալաքի շրջանի հյուսիսային Ազավրեթ գյուղում է գտնվում կրաքարի հսկայական պաշարներով հանքավայրը: Միայն ուսումնասիրված տեղամասի հաշվարկային պաշարները կազմում են 554 հազ. մ3: Հայտնի են Մոդեգամի, Հոկամի, Սուլդայի տուֆալավայի հանքավայրերը:

Ջավախքի բնակավայրերի առանց այդ էլ թույլ զարգացած ենթակառույցները ԽՍՀՄ փլուզումով հայտնվեցին ծայրահեղ անմխիթար վիճակում: Քայքայվեցին միջքաղաքային և միջպետական նշանակության ճանապարհները, իսկ շուրջ 130 բնակավայրերն իրար միացնող գյուղական նշանակության ճանապարհները դարձան գրեթե անանցանելի: 2000-ական թթ. կեսերից հիմնականում օտարերկրյա ներդրումների միջոցով ողջ Ջավախքում սկիզբ առավ միջքաղաքային և միջպետական նշանակության ճանապարհների հիմնարար վերանորոգման գործընթացը: Արդյունքում ասֆալտապատվեցին Նինոծմինդան – ՀՀ սահման, Նինոծմինդան – Ծալկային – Թիֆլիս, Խերթվիս-Վարձիա, Ախալքալաք-Արագովա ճանապարհները: Այդուհանդերձ, գյուղական նշանակության շատ ճանապարհներ դեռևս գտնվում են նախկին անմխիթար վիճակի մեջ: Վրաստանի կառավարական միջոցներից վերջին տարիներին հատկացումներ են արվում գյուղական զարգացման ծրագրերին, որոնց շնորհիվ յուրաքանչյուր գյուղ տարեկան գումարած ժողովի միջոցով որոշում է տվյալ տարվա ընթացքում գյուղի զարգացմանն ուղղված անելիքները: Այս միջոցով գյուղերում բավականին աշխուժացան ենթակառույցների բարելավմանն ուղղված ծրագրերը: Թեև ոչ զանգվածորեն, այդուհանդերձ, այդպիսի ծրագրեր իրականացվում են նաև անհատ բարերարների միջոցով: Այս միջոցով 2012-2014 թթ. Թափարվան գետի վրա կառուցվեց նշանավոր «Թումասի» կամուրջը:

ԽՍՀՄ փլուզումով ծայրահեղ ծանր վիճակում հայտնվեց նաև Ջավախքի առողջապահական համակարգը: Պետական հոգածության բացակայության պայմաններում գրեթե դադարեցին գործելուց նախկին գյուղական բուժկետերը: Շրջկենտրոնների հիվանդանոցների մի շարք բուժսարքավորումներ էլեկտրականության բացակայության պայմաններում չաշխատեցին և շարքից դուրս եկան: 2000-ական թթ. պետական և մասնավոր նվիրատուների միջոցներով սկսվեց Ջավախքի առողջապահական համակարգի բարելավման գործընթացը: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք կատարեց Հայ Օգնության Միությունը, որի տարբեր հանձնախմբերի ջանքերով մի բազմաթիվ բուժկետեր վերանորոգվեցին ու վերաբացվեցին Ջավախքի բազմաթիվ բնակավայրերում: Նոր շենք տեղափոխվեց և տեխնիկապես վերազինվեց Ախալքալաքի շրջանային հիվանդանոցը: Վերջին շրջանում պետական միջոցներով բարելավվել է նաև Ախալցխայի հիվանդանոցային միջավայրը: Մասնավոր միջոցներով Ջավախքի մի շարք բնակավայրերում բացվել են ատամնաբուժարաններ: Պետական միջոցների հաշվին Ջավախքում շտապ օգնությունը դարձել է անվճար: Այդուհանդերձ, Ջավախքում առողջապահական ոլորտը նույնպես չի կարելի գնահատել լիարժեք բավարար: Հատկապես շատ է զգացվում նոր և որակյալ բուժմասնագետների կարիք: ՀՀ բժշկական բուհերում ուսանող ջավախահայ երիտասարդները հիմնականում հետ չեն վերադառնում: Ինչպես մի շարք այլ ոլորտներում, առողջապահական ոլորտում ևս երիտասարդ մասնագետների սակավության և ՀՀ-ում ուսանած տվյալ ոլորտի մասնագետների հետ չվերադառնալու ամենագլխավոր պատճառը Ջավախքում հայերենի կարգավիճակի բացակայությունն է: Նորավարտ մասնագետները պարզապես ի վիճակի չեն Վրաստանի առողջապահության նախարարությունից ստանալ աշխատանքային գործունեության համար համապատասխան սերտիֆիկատներ կամ լիցենզիաներ, քանի որ դրա համար պահանջվում է վրացերենի իմացություն:  

Ջավախքը զբոսաշրջության հրաշալի վայր է: Գեղատեսիլ ու երփներանգ սարավանդները, բարձր ու ընդգծված լեռնագագաթները, լճերի ու գետերի պատմաճարտարապետական հուշարձանների, բուժիչ հանքային ջրերի առատությունը ապացույցն են մեր այս պնդման: Ցավոք, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ ներկայումս վրացական իշխանությունները տուրիզմի զարգացման համար չեն ստեղծել համապատասխան նախապայմաններ: Վերջին շրջանում Ջավախքում աշխուժանում է հյուրանոցային շինարարությունը: Ի հայտ են եկել Ջավախքի տեսարժան վայրերը ներկայացնող համացանցային աղբյուրներ: Ջավախքում առկա է նաև էքստրեմալ և էկոտուրիզմի հսկա ներուժ, որը բացարձակապես չի օգտագործվում: Աշխատանքներ չեն տարված նաև Թմկաբերդի, Աբուլ լեռան և Փարվանա լճի՝ որպես Ջավախքի խորհրդանիշների տարածման և պրոպագանդման ուղղությամբ: Ջավախքում ծնված և հասակ առած բազմաթիվ գործիչներ չունեն իրենց տուն-թանգարանները:

ՆՇԱՆԱՎՈՐ ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐ

Ջավախքում ծնվել և հասակ են առել հայ և համաշխարհային շրջանակներում մեծ հռչակ վայելող բազմաթիվ դեմքեր: Այդպիսիներից առանձնացնենք անվանի աշուղներ Սիայուն, Թիֆիլուն, Մաթինին, Ֆիրաղուն, Սուխանուն, Ջիվանուն, Հավասուն, աշխարհահռչակ նկարիչներ Վարդգես Սուրենյանցին, Հակոբ Կոջոյանին, Վահրամ Գայֆեջյանին, բանաստեղծներ Դերենիկ Դեմիրճյանին, Վահան Տերյանին, Հովհաննես Մալխասյանին, Մկրտիչ Սարգսյանին, Աղասի Այվազյանին,  հասարակագետներ Սեյլանին (Արշակ Մադոյան), Հակոբ Մանանդյանին, Ստեփանոս Մալխասյանցին, Արամ Ղանալանյանին, Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանին, Վենետիկի Մխիթարյան Միաբանության անդամներ, առանց ընդմիջումներով հրատարակվող հայոց ամենաերկարամյա պարբերականի՝ «Բազմավեպի» խմբագիրներ Հայր Վահան Հովհաննիսյանին և Հայր Եղիա Վարդապետ Փեչիկյանին, հայ երկրաբան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի հիմնադիր Հովհաննես Կարապետյանին, ժողովրդական երգչուհի Լուսինե Զաքարյանին, Հայոց առաջին Հանրապետության վարչապետեր Հովհաննես Քաջազնունուն և Համո Օհանջանյանին, նույն պետության նախարարներ Ռուբեն Տեր-Մինասյանին ու Ռուբեն Դարբինյանին (Արտաշես Չիլինգարյան), ճարտարապետ Գևորգ Քոչարին և այլոց, որոնցից յուրաքանչյուրն իր գործունեությամբ արժանի է խոնարհումի ու խնկարկման: